Գրքեր

Դինա Ռուբինայի յուրաքանչյուր գիրք նման է մի լուսամփոփի, որով բացում ես քո ներսի գաղտնի դռները, իմանալով, թե ինչ է թաքցրած դրանց հետևում, բայց չես կարողանում լուսավորել։ Եվ գրեթե յուրաքանչյուր տող արձագանքում է` մի տեղ ուրախ, մեկ այլ տեղ` վշտալի, բայց միշտ ճանաչելի և հարազատ ձայնով։ Եվ մշտապես թվում է, թե շունչդ կտրվում է։ Որոշ տողեր ցանկանում ես ընթերցել մի քանի անգամ, այնքան դրանք համահունչ են սեփական մտքերիդ…

Նրա յուրաքանչյուր նոր գիրք, կարծես, ասում է` ահա այն, ամենավառ ու ամենազիլ գագաթը։ Բայց հայտնվում է նոր վեպ, և ամեն ինչ կրկնվում է նորից, նոր շրջապտույտի մեջ։ Թվում է, թե ավելի ուժեղ, ավելի շատ, ավելի խորն արդեն լինել չի կարող, բայց, ոչ` կարող է, այն էլ ինչպես։ Բոլոր զգացողություններն այնքան ակնհայտ ու լեցուն են արտահայտվում, որ դրանք զգում ես, ինչպես արյան բաբախումը երակներում։ Իսկ կերպարները, կարծես, հենց կողքդ են, անհագ ցանկություն է ստեղծվում ճանաչելու նրանց սովորությունները, վարքագիծը, նրանց էության ամբողջականությունը։ 

«Ռուսական դեղձանիկ» եռապատումը համարվում է առայժմ չհաղթահարված մի գագաթ։ Գեղագրական սագան, որում, ինչպես դա միշտ լինում է այս հեղինակի մոտ, ամեն հանգույց պատահական չէ կապված և իրադարձությունների ամեն շրջապտույտ ամբողջ աշխարհով և ժամանակի մեջ ցրված մարդկանց բազմաթիվ սերունդների կյանքի ընթացքում զարմանալիորեն հյուսվող ճակատագրերի երկար շղթայի մի օղակ է։ Զարմանալիորեն ամբողջական կերպարներ, ոմանք` լի սիրով, հակասություններով, սխալներով, ձգտումներով, մյուսները` հաշվենկատ, արատավոր, ատելությամբ լցված։ Բայց բոլոր կերպարները շշմելու աստիճան վառ են, նրանք կամ գրավում են ծանոթության հենց առաջին հայացքից, կամ զզվանք են ներշնչում հենց այն ժամանակ, երբ, կարծես, դրա համար որևէ նախադրյալ չկա։ Մյուսներն առհասարակ օդիոզ են։  

Սյուժեի գիծն ընդգրկում է երկու ընտանիքների` տարիների և տարածությունների միջով անցնող ճակատագրերի զարմանալի միահյուսում` Օդեսա, Ալմաթի, Իսրայել, Թաիլանդ, Փարիզ, Լոնդոն, Պորտոֆինո։ «Նույն դեղձանիկի» երկու հետնորդ` Լեոն Էթինգեր` անգերազանցելի կոնտրատենոր, օպերային բեմի աստղ, իսրայելական հատուկ ծառայություններից մեկի նախկին աշխատակից, և Այան` համր թափառաշրջիկ, աներևակայելի տաղանդավոր լուսանկարիչ անսահման ներքին ազատությամբ։ Նրանք հատվում են ամենաաներևակայելի կերպով, և մի վտանգավոր ուղևորություն է սկսվում` փախուստ կամ էլ հետապնդում, և պարզ չէ, թե երբ և ինչպես այն կավարտվի։ 

Երեք գրքերից յուրաքանչյուրն ընկալվում է որպես առանձին ստեղծագործություն, որը, սակայն, կապված է սյուժեի բարակ, երբեմն` անհետացող թելով, որը կրկին վերադառնում է հերոսների նոր գործողություններում։ Եվ միևնույն ժամանակ` ոչ մի ավելորդ տեսարան, ոչ մի ձանձրացնող դրվագ, ամեն ինչ իր տեղերում է, սկզբում անկարևոր թվացող իրադարձությունները կամ նկարագրություններն աստիճանաբար մի մեծ, ավարտուն խճանկար են կազմում։ «Ժելտուխինը» նման է նախաբանի, էության ըմբռնման հիմքն է, «Ձայնը»` կուլմինացիան։ Իսկ «Անառակ որդու» զգայական ազդեցությունն այնքան մեծ է, որ իրադարձությունների կանխագուշակվող զարգացումը նոր կողմ է, որ նոր գաղտնիքներ, նոր թեմաներ է բացում։ Սկզբում հարցերի պատասխաններն էին գալիս, հետո` դրանց հաստատումը թղթի վրա։ 

Կարդալով «Անառակ որդուն»` ամեն անգամ ստիպված ես ինքդ քեզ կանգնեցնել, ոչ թե սրընթաց ավարտին հասնելու, այլ մի փոքր դանդաղելու, երկարացնելու, ամբողջական պարբերություններ վերընթերցելու համար, հետո կրկին առաջ վազելու, որովհետև հնարավոր չէ այլևս զսպել այդ ցանկությունը, իսկ հետո կրկին հետ կանգնելու։ Բնության, եվրոպական քաղաքների, արևադարձային կղզիների, ծովափերի և լքված ամրոցների` գլխապտույտ առաջացնող նկարագրություններից շունչդ կտրվում է։ Որոշ էջերում ակամայից ցանկանում ես ընդհատել ընթերցելը, ամբողջ էությունդ դեմ է հանգուցալուծմանը, բայց նույն պահին հասկանում ես, որ կերպարներն անցնում են այն միակ ճիշտ ուղին, որն այլընտրանք չունի։ Եվ այդ քաղցր, արբեցուցիչ և տանջող հաճույքն ունենում է թեև կանխագուշակվող, բայց, միևնույն է, անհավանական, սուր ու, այնուամենայնիվ, անսպասելի ավարտ։ Թերթելով վերջին էջը` պետք է հանգստացնել արյան բաբախի ձայնը, ու նոր փակել գիրքը։ Իսկ հետո վերադառնալ դրան կրկին ու կրկին։ «Անթափանց խավարում լուսաշող Ձայն» լսելու որոնումներով… 

Ելենա Դավիդյան` հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար