Երեքշաբթի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ինտերակտիվ կրթական կենտրոն է բացվել։ Մոտավորապես 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ և մենագրություն այսուհետ անվճար հասանելի են հետազոտողների, արվեստով զբաղվող ուսանողների ու հանրության համար:

«Ինտերակտիվ կրթական կենտրոնում ներկայացված կլինեն Ջերարդ Գաֆէսճեանի հավաքածուում ներառված գրքեր, կատալոգներ, որոնք ներկայացնում են ժամանակակից արվեստը։ Այդ գրքերն ու կատալոգները բերվել են ԱՄՆ–ից», – «ԱՌԿԱ Style»–ին ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։ 

Նրա խոսքով` այցելուները նկարազարդ գրքերի և այլ հրատարակությունների միջոցով կարող են ծանոթանալ ժամանակակից գրականությանը, աշխարհահռչակ հեղինակների ստեղծագործություններին։ Գրադարանը նաև կհամալրվի նվիրատվությունների հաշվին։ 

«Այստեղ կարելի է ծանոթանալ նաև աշխարհի ամենահայտնի թանգարանների տվյալների էլեկտրոնային բազային, մասնավորապես` Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի և Մետրոպոլիտենի տվյալների էլեկտրոնային բազային», – ասաց Մարաբյանը։ 

Նրա խոսքով` կենտրոնում գործում է նաև մանկական անկյուն, որտեղ երեխաները կարող են հետաքրքիր գրքեր ընթերցել և հետաքրքրաշարժ խաղեր խաղալ։

Կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը կարծում է, որ այդ գաղափարը դուր կգա հասարակությանը, և ընթերցողների թիվը կավելանա։ 

«Մեր կենտրոնում ներկայացված է անգլերեն, հայերեն և ֆրանսերեն գրականություն։ Տարիքային սահմանափակումներ չկան։ Յուրաքանչյուր ոք կարող է այցելել կենտրոն հարմարավետ մթնոլորտում գիրք ընթերցելու համար», – ասաց Մարաբյանը։ 

Նա նաև ավելացրեց, որ հետաքրքրող գրականության ընտրության հարցում այցելուներին կօգնեն Կենտրոնում աշխատող կամավորները, նրանք կհետևեն նաև կանոնների պահպանմանը։ «Ընթերցողը պետք է հանձնի պայուսակը, որը կարող է ստանալ գիրքը վերադարձնելուց հետո», – ավելացրեց Մարաբյանը։

Նոր կենտրոնում գրքերի շնորհանդեսներ և սեմինարներ կկկազմակերպվեն։ -0-