Գրքեր

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Արմեն Թութունջյանը (Չիկո) երեքշաբթի ներկայացրել է հայկական ջազի մասին պատմող «Ջազը Հայաստանում» հեղինակային գիրքը։

Գիրքն առաջին աշխատությունն է, որտեղ մանրամասն նկարագրված է հայկական ջազի ողջ պատմությունը` սկսած 20–րդ դարի 30–ականներից մինչև մեր օրերը։

352 էջանոց գիրքը հրատարակվել է Երևանում հայկական ջազի 75–ամյակի կապակցությամբ (որը նշեցին 2013 թ.–ին)։ Գրքում ներառվել են բաժիններ, որոնք պատմում են ջազի աղբյուրների, աֆրիկյան արմատների, Արևմտյան Եվրոպա և Ռուսաստան ներթափանցելու, մասնագիտական ջազի առաջացման մասին, ինչպես նաև հակիրճ կենսագրական տվյալներ` հայտնի հայ ջազ կատարողների մասին։

«Անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ ես կգրեի այս գիրքը, քանի որ կյանքիս ընթացքում կուտակել եմ հսկայական թվով նյութեր, որոնք վերաբերում են հայկական ջազին, Բացի այդ, ինձ բախտ է վիճակվել դառնալ գրքում նկարագրված բազմաթիվ դրվագների մասնակիցն ու ականատեսը», – ասաց լրագրողներին Թութունջյանը։

Նա նշեց, որ գրքում ներկայացված են նյութեր 57 հայ ականավոր ջազ կատարողների մասին և նրանց միայն մի քանիսի հետ նրան չի հաջողվել շփվել։ «Մյուսները կա՛մ իմ դասախոսներն էին, կա՛մ կոլեգաները», – ասաց Թութունջյանը։

«Խորհրդային տարիներին ջազ երաժշտությունը Հայաստանում հետին պլան էր մղվել, քանի որ երաժշտական կրթությունը կենտրոնանում էր դասական երաժշտության շուրջ», – նշեց նա։

Նրա խոսքով` այդ տարիներին Հայաստանում չկար ջազին վերաբերող մասնագիտական գրականություն, հնարավորություն չկար հանդիպելու օտարերկրյա, մասնավորապես` ամերիկացի ջազմենների հետ, ովքեր իսկական ջազ երաժշտության հիմնադիրներն են։

Այնուամենայնիվ Հայաստանում այդ ժանրը շատ լավ էր զարգացած։

«Հայկական ջազի սկիզբը դրել է հայտնի երաժիշտ Արտեմի Այվազյանը 20–րդ դարի 30–ականներին։ Այդ տարիները համարում են Հայաստանում ջազ երաժշտության ծննդյան տարիներ, քանի որ հենց այդ ժամանակ Հայաստանում պետական մակարդակով ստեղծվեց նվագախումբ, որի  երաժշտական գործիքներն առավել նման էին այդ ժամանակ ամերիկյան և եվրոպական ջազ նվագախմբերում օգտագործվող գործիքներին», – ասաց Թութունջյանը։ -0-