Գրքեր

Գրքի հեղինակը` ճարտարապետ,  Ճարտարապետական միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի պրոֆեսոր Անդրեյ Իվանովը գրքի շնորհանդեսից առաջ «ԱՌԿԱ Style»–ին տված հարցազրույցում ներկայացրեց գրքի առաջացման պատմությունն ու դրա «էկզոտիկ» վերնագիրը։

«Ես ուսումնասիրում եմ քաղաքների ճարտարապետությունը, և ինձ շատ հետաքրքրեց հին և բարդ քաղաք Երևանը։ Երբ եկա այստեղ գործերով, սկսեցի զբոսնել մայրաքաղաքի տարբեր վայրերով և որոշեցի, որ անպայման պետք է այդ մասին գրեմ», – ասաց ճարտարապետը։

Նա ավելացրեց, որ սկզբում սկսել է հոդվածներ հրապարակել տարբեր կայքերում և ամսագրերում ու հետո արդեն որոշել է ամբողջը հավաքել մեկ գրքում։

«Անվանումը կապված է այն բանի հետ, որ իմ Երևանն այն քաղաքը չէ, որը տեսնում են բոլորը, այլ քաղաք է, որը իմ մեջ է, որը ինձ համար կառուցել եմ։ Չէ՞ որ ես բարդ Երևանից ընտրել եմ ինչ–որ կետեր և վայրեր, որոնք առավել հարազատ են հենց ինձ։ Նման քաղաք այլևս ոչ մեկի համար չկա, և հենց այդ պատճառով ես վերնագրում ավելացրեցի «ի» տառը, որը վկայում է այն մասին, որ դա ամբողջովին այլ Երևան է», – ասաց Իվանովը։

Նա նաև նշեց, որ գրքի վերնագրի «ի» տառը որոշ ասոցիացիա է ստեղծում Երուսաղեմի հետ, չնայած երկու քաղաքների միջև գոյություն ունեցող տարբերությանը։

Հեղինակը նշեց, որ գիրքը բաղկացած է երեք մասից, իսկ Երևանի առավել սիրված վայրերը տեղ են գտել  երկրորդ գլխում։

««Վայրեր և իմաստներ» անվանումով երկրորդ մասը ես նվիրել եմ 18 վայրերին։ Դրանք ամբողջովին տարբեր են։ Երևանում կան վայրեր` հին ժողովրդական կենդանի միջավայրով։ Գրքի այդ գլխում ես ներառել եմ ինչպես տարբեր փոքրիկ փողոցներ, այնպես էլ զբոսայգիներ, փոքրիկ տներ», – ասաց Իվանովը։

Նա նշեց, որ առաջին անգամ Երևան է այցելել 1984 թ.–ին, իսկ հետո քաղաք է այցելել 2011 թ.–ին և էական տարբերություն է զգացել, ինչը ընկել է գրքերի որոշ գլուխների հիմքում։ 

«Օրինակ` առաջին անգամ իմ հիշողությունում պահպանվեց «Փակ շուկան», իսկ հիմա կարելի է ասել, որ այն ինձ համար չկա։ Ինձ հիացրեցին Կոնդն ու Նորքը», – խոստովանեց հեղինակը։
Գիրքը բաղկացած է երեք գլխից` Երևանյան զգացում, Վայրեր և իմաստներ, Երևանի ճամփաբաժանը։ Իվանովն աշխատել  է գրքի վրա երեք տարի, սակայն պատրաստակամություն է հայտնել նմանատիպ նախագիծ իրականացնել նաև Հայաստանի մյուս քաղաքների մասին։ –0–