Գրքեր

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը նախաձեռնել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակում Երևանում քննարկվել է Ջորջ Օրուելի «1984» գիրքը: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր:

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նախաձեռնողներն առաջարկել են քաղաքական գործիչներին կարդալ և քննարկել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք», Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ», Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջորջ Օրուելի «1984» գրքերը։ 

Նախագծի նպատակն է ընթերցանություն քարոզել երիտասարդության շրջանում։ Այդ նպատակով ընտրվել է հինգ գիրք, որոնք հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը և առաջարկել քաղաքական գործիչներին։ 

Ջորջ Օրուելի` 1949 թվականին տպագրված «1984» վեպը հակաուտոպիայի ժանրի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Այն բազմաթիվ անգամ ենթարկվել է սոցիալիստական երկրների գրաքննությանն ու Արևմուտքի ձախ շրջանակների քննադատության օբյեկտ դարձել։

«Պետք է խոստովանեմ, որ երբեք չէի կարդա այս գիրքը, եթե չմասնակցեի այս նախագծին։ Իսկ այժմ կարող եմ ասել, որ այն պարզապես կյանքի ձեռնարկ է, որը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքական գործչի, ակտիվիստի և հասարակական գործչի սեղանի գիրքը»,– ասաց Մինասյանը քննարկման ընթացքում։ 

Ըստ նրա, գիրքը հարուստ է թևավոր խոսքերով, որոնք կարելի է օգտագործել ամեն օր և նաև աշխատանքում` հեղինակը նշում է, որ իշխանությունը պետք է նախևառաջ ծառայի իր հասարակությանը, ոչ թե հակառակը։ 

«Գրքում պարզ նկարագրված է, թե ինչպես են մարդիկ ձգտում իրենց իշխանությունը պահել ամեն գնով։ Դրանից պետք է բոլորս դաս քաղենք, հասկանանք, թե որքան կործանարար է նման վարքագիծը»,– կարծում է պատգամավորը։

Նա միաժամանակ խոստովանեց, որ իրեն հետաքրքրել է գրքի կառուցվածքն ու շարադրման ոճը։ «Ես կարդացի այդ գիրքը մեկ շաբաթում և մեծ հաճույքով։ Կարելի է ասել` մեկ շնչով։ Առհասարակ սիրում եմ կարդալ և ամիսը գոնե մեկ գիրք եմ կարդում»,– խոստովանեց նա։ 

Պատգամավորը կարծում է, որ «1984»–ը կարող էր բարի ծառայություն մատուցել նաև հայկական բոլոր քաղաքական ուժերին, քանի որ այն արդիական է նաև այսօր։

«Գրքի հիմնական ճշմարտությունն այն է, որ մարդը պարտվում է, երբ չի պայքարում։ Դա երևում է գլխավոր հերոսի օրինակով։ Ռեժիմը հաղթելու համար պետք է պայքարել մինչև վերջ։ Չէ՞ որ յուրաքանչյուր բարեփոխման հիմքում պետք է ընկած լինի ոչ թե վերնախավի, այլ ժողովրդի շահը»,– կարծում է Մինասյանը։ 

Նա նշեց նաև, որ վեպի հերոսների մոտ բացակայում է Աստծու հանդեպը հավատը, ինչն էլ տխուր իրադարձությունների շղթայի է հանգեցնում։ 

Ամռանը նախագծի առաջին փուլին մասնակցել են շոու բիզնեսի ներկայացուցիչներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը և Արտակ Վարդանյանը։ 

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի տեղեկատվական հովանավորն է։ -0-