Կենսաոճ

Օրական առնվազն մեկ գավաթ սուրճ խմող ամերիկացիների թիվը 2015 թվականին կրճատվել է` դառնալով 59 տոկոս, այնինչ նախորդ տարի այն կազմում էր հարցման մասնակիցների 61 տոկոսը, ասվում է Սուրճի ազգային ասոցիացիայի հետազոտությունում։

Միաժամանակ 2013 թվականին մեկ գավաթ տաք սուրճով օրը սիրում էր սկսել հարցված ամերիկացիների 63 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

ԱՄՆ–ն համարվում է աշխարհի` սուրճ խմող խոշորագույն երկիրը։ Բազմաթիվ վերլուծաբաններ մինչ օրս սուրճն անվանում են ամերիկացիների սիրած ըմպելիքը, նշում է Financial Times–ը։

Վերջին տարիներին սուրճի պահանջարկի նվազումը պարբերականը կապում է այն բանի հետ, որ երիտասարդ սերունդը թեյ է նախընտրում։ Ի հաստատումն դրա` թերթն ԱՄՆ–ում թեյի վաճառքի ծավալների տվյալներն է բերում. եթե 1990 թվականին դրանք 2 միլիարդ դոլարից պակաս էին, ապա 2014 թվականին` արդեն 10 միլիարդ դոլար։

Թեյի ամերիկյան ասոցիացիայի նախագահ Պիտեր Գոգիի (Peter Goggi) խոսքով` միտումը հատկապես նկատվում է 16-26 տարեկանների շրջանում։ «Ակնհայտ է, որ թեյի առողջարար լինելու վերաբերյալ տեղեկատվությունը հասել է նպատակին»,– ասել է նա։ -0-