Գեղեցկություն և առողջություն

Յոգայի սիրահարները (ավելի քան 80 մարդ) ուրբաթ երեկոյան հավաքվել էին Երևանի Կասկադ համալիրում` մասնակցելու Հայաստանի յոգայի ֆեդերացիայի կազմակերպած բացօթյա ֆլեշմոբին, որի շրջանակում ներկայացվեցին ամենատարբեր վարժություններ։

«Ֆլեշմոբի նպատակն առողջ ապրելակերպ քարոզելն է։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ այս դժվար ժամանակաշրջանում կարելի է երջանիկ և ներդաշնակ ապրել։ Յոգան ընձեռում է այդ հիանալի հնարավորությունը։ Այն հետզհետե ավելի մեծ տարածում է ստանում Հայաստանում, ինչը շատ ուրախալի է», – «ԱՌԿԱ Style» գործակալության հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը։ 

Ֆլեշմոբի մասնակիցների թվում տարբեր տարիքի, մասնագիտության, ազգության և հավատի մարդիկ կային։ 

Նրանցից մեկը Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն էր։ Նա ժամանակին հայրենիքում զբաղվել է յոգայով, հետո բավականին երկար ժամանակ այլևս չի զբաղվել։ «Երևանում որոշեցի կրկին զբաղվել յոգայով։ Սկսեցի պարապել` պատրաստվելով այս մեծ տոնին, որն անցկացվում է հունիսի 21–ին ողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում», – նշել է դիվանագետը։ 

Ֆլեշմոբի մասնակից Անժելա Գալդունցն արդեն 5 տարի է` զբաղվում է յոգայով։ Օդանավակայանի աշխատակիցը խոստովանում է, որ գրեթե իր բոլոր ծանոթներին և հարազատներին գրավել է յոգայով։ «Ժամանակին ինչով ասես, որ չեմ զբաղվել, սակայն ինձ գտա հենց յոգայում, ինչի շնորհիվ հոգու և մարմնի ներդաշնակության հասա», – նշեց Անժելան։ 

Նույն խոստովանությունն է անում նաև պատմաբան Անահիտ Այվազյանը։ Նա արդեն 4 տարի է` զբաղվում է յոգայով և հպարտ է, որ կարողացել է գտել ինքն իրեն։ 

«Հոդերի հետ կապված խնդիրներ ունեի։ Հիմա ամեն ինչ անցել է։ Ոչ մի խնդիր և ցավ այլևս չունեմ։ Ընդ որում, յոգան տալիս  է ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլ նաև` հոգու ներդաշնակություն, ինչը ևս կարևոր է», – նշում է Անահիտը։ 

Հունիսի 21–ը Յոգայի միջազգային օրն է, որը նշել են աշխարհի 192 երկրում։ Հայաստանն առաջին անգամ է միացել այս ակցիային։ Թումանյանի այգում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, այդ օրը բազմամարդ էր։ Կազմակերպվել էր յոգայի բաց դաս, որին մասնակցում էին բոլոր ցանկացողները։ 

Լուսանկարները կարելի է դիտել այստեղ։ -0-