Գեղեցկություն և առողջություն

Փայլուն և առողջ մազերի մասին երազում են բոլորը, սակայն ոմանք պետք է մեծ ջանքեր գործադրեն նման արդյունքի հասնելու համար: Ճյուղավորված ծայրերով խամրած և փխրուն մազերը տհաճություն են պատճառում կանանց, իսկ թեփը խնդիրներ է ստեղծում նաև տղամարդկանց համար: Մազերի որակի վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում` արևի ճառագայթների ագրեսիվ ազդեցությունն ամռանը: Մազերի ճիշտ խնամքի մասին «ԱՌԿԱ-Style»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է հայ ոճաբան Լիանա Աբրահամյանը:

Լիանա, հայտնի է, որ ամռանը մազերի խնամքը դժվարանում է շոգի պատճառով: Ինչպե՞ս խնամել մազերն այդ ժամանակ:

Լիանա Ամռանը մազերի խնամքի առավել արդյունավետ մեթոդն արևի ճառագայթներից պաշտպանող հատուկ յուղերի և հեղուկների օգտագործումն է: Պետք չէ մոռանալ նաև ծովային ճանապարհորդությունների ժամանակ մազերը պաշտպանող համապատասխան միջոցների մասին: Ընդ որում, մազերի խնամքի բրենդային միջոցներից բացի, բավականին գործուն են ժողովրդական մեթոդները, որոնք կարելի է կիրառել տնային պայմաններում, օրինակ, երիժնակի յուղը (репейное масло): Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար այն պետք է քսել մազերին և լվանալ երկու ժամ անց: Այդ պրոցեդուրան կարելի է կատարել շաբաթը մեկ-երկու անգամ: Երիժնակի յուղն արևային ճառագայթների բացասական ազդեցությունը չեզոքացնող ստուգված մեթոդ է:

Ի՞նչ հաճախականությամբ է պետք լվանալ մազերը:

Լիանա Ես շոգ սեզոնին յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ եմ տալիս մազերը լվանալ երկու օրը մեկ, իսկ չոր ու նորմալ մազեր ունեցողներին` 3-4 օրը մեկ: Գլուխը հաճախակի լվանալը նպաստում է ճարպագեղձերի ինտենսիվ աշխատանքին, ինչի հետևանքով մազերն ավելի շուտ են ճարպոտվում:

Մազերի համար ֆենն իսկապե՞ս այնքան վնասակար է, որքան այսօր այդ մասին խոսում են փորձագետները:

ԼիանաՖենով մազերը չորացնելիս դրանք վնասելու որոշակի վտանգ, անշուշտ, գոյություն ունի: Ամեն ինչ կախված է օգտագործման ձևից: Տնային պայմաններում ֆենով մազերը չորացնելիս պետք չէ այն շատ մոտ պահել գլխին, քանի որ դա կարող է մազերի չափազանց չորացման պատճառ դառնալ: Իսկ դա կարող է հանգեցնել փայլի կորստի և ճյուղավորված ծայրերի: Այդ դեպքում վնասված մազերը կարող է վերականգնել միայն լամինացումը: Իսկ ամենավնասակար գործիքը մազերն ուղղելու արդուկն է:

Օգտակա՞ր է, արդյոքլվանալուց հետո մազերը սառը ջրով ցայելը:

Լիանա Դա շատ օգտակար է: Տաք ջուրը նպաստում է արյան շրջանառության ակտիվացմանը, իսկ եթե լվանալուց հետո մազերը մի քանի վայրկյան ցայեք սառը ջրով, կարող եք առողջ փայլ ունենալ:

Կարելի՞ է սանրել խոնավ մազերը

Լիանա Խորհուրդ չեմ տալիս սանրել խոնավ մազերը, քանի որ տաք ջրի հետ շփումից հետո գլխամաշկի ծակոտիները լայնանում են, և մազերը սանրելու դեպքում հեշտությամբ թափվում: Իրավիճակից լավագույն ելքը 15-20 րոպե հետո սանրելն է:

Ի՞նչ սանրեր է պետք օգտագործել, և որոնք` բացառել:

Լիանա Լավագույն տարբերակը բնական մազից, օրինակ, ձիու մազից խոզանակ ունեցող սանրերն են։ Կարելի է օգտագործել նաև նոսր ատամներով փայտե սանրեր, իսկ պլաստմասե սանրերից ավելի լավ է ընդհանրապես չօգտվել:

Ի՞նչ հաճախականությամբ է կարելի կտրել մազերը:

Լիանա Խորհուրդ եմ տալիս ամիսը գոնե մեկ անգամ մի փոքր կտրել մազերի ծայրերը: Դա նպաստում է մազի առողջ աճին: Իսկ եթե մազերը կտրվում են ավելի հազվադեպ` երեք-չորս ամիսը մեկ անգամ, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց որակի վրա և ճյուղավորված ծայրերի պատճառ դառնալ:

Հնարավո՞ր է ընդհանրապես խուսափել ճյուղավորվող ծայրերից:

Լիանա Շատ օգտակար է հատուկ դիմակների օգտագործումը: Հարկ է նաև չմոռանալ, որ յուրաքանչյուր մարդ անհատական մոտեցման կարիք ունի, ինչն էլ կարող է հուշել միայն մասնագետը:

Ինչպե՞ս կարելի է պայքարել թեփի դեմ:

Լիանա Իհարկե, գոյություն ունեն թեփի դեմ պայքարի մի շարք հատուկ միջոցներ, բայց ամենից շատ հավանում եմ հետևյալ բաղադրատոմսը` չորս հաբ մանրացված նիստատինն ավելացնել շամպունի մեջ, քսել մազերին և մի քանի րոպե անց լվանալ գոլ ջրով: Մի քանի անգամ կրկնելուց հետո թեփը վերանում է:

Ինչպե՞ս կարելի է միշտ փայլուն մազեր ունենալ:

Լիանա Մազերին ճիշտ հետևելու դեպքում դրանք միշտ փայլուն կլինեն:-0-