Գեղեցկություն և առողջություն

1995 թ.-ից ողջ աշխարհում սեպտեմբերի 9-ին նշվում է Գեղեցկության համաշխարհային օրը: Դիմահարդարները և գեղեցկության ինդուստրիայի բոլոր մասնագետները Էսթետիկայի և դիմահարդարման միջազգային կոմիտեի (Comite International D’Esthetique Et De Cosmetologie, CIDESCO) այս նախաձեռնությունն իրավամբ իրենց մասնագիտական տոնն են համարում: Եվ պատահական չէ, որ գեղեցկության մրցույթները տարբեր քաղաքներում և երկրներում նշվում են հենց այդ օրը:

Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ մեր երկրում կրծքի շտկման (մամոպլաստիկա) վիրահատությունների, լիպոսակցիայի, ինչպես նաև բոտոքսի ներարկումների թվի ավելացման միտում է նկատվում: 

«Երիտասարդ տարիքում ամենից հաճախ կատարում են քթի պլաստիկ վիրահատություն, ավելացնում են կրծքի և շուրթերի չափսը: Իսկ ավելի հասուն տարիքի մարդկանց շրջանում գերակշռում են վիրահատությունները, որոնք կապված են տարիքային փոփոխությունների, հղիության հետևանքների հետ», — ասաց նա:

Հիմնվելով սեփական մասնագիտական փորձի վրա՝ պլաստիկ վիրաբույժը պարզաբանել է, որ հայ կանանց շրջանում որոշակի կարծրատիպեր են ձևավորվել, մասնավորապես՝ շուրթերի ձևով նրանք ցանկանում են նմանվել Անջելինա Ջոլիին, կրծքի ձևով՝ Պամելա Անդերսոնին, իսկ նստատեղի ձևով՝ Ջեննիֆեր Լոպեսին: Սակայն վիրաբույժի կարծիքով՝ գեղեցկության մրցավազքում չարժե չափից դուրս շեղվել անհատական ֆիզիոլոգիական կազմվածքից՝ անգամ հաշվի առնելով էսթետիկ վիրաբուժության առևտրայնացումը: 

«Կարծում եմ, որ ոչ մի խելացի մարդ իրենց թույլ չի տա սեփական ձեռքերով «հանցագործություն» կատարել: Ցանկացած պլաստիկ վիրաբույժ ցանկանում է, որպեսզի իր կատարած աշխատանքը դրական արդյունք ունենա և նրա հիվանդը գեղեցիկ դառնա: Սակայն նա քանդակագործ չէ և չի կարող զրոյից ինչ-որ բան ստանալ, նրան հիմք է հարկավոր: Պլաստիկ վիրաբույժը Պիգմալիոն չէ», — ընդգծեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ տասը հիվանդից ինքը միջինը մերժում է մեկին կամ երկուսին, եթե տեսնում է, որ պլաստիկան կարող է ցավալի հետևանքների հանգեցնել: 

Հայաստանում պլաստիկ վիրաբույժներին են դիմում նաև տղամարդիկ՝ հիմնականում ցանկանալով փոխել քթի և ականջների ձևը, չնայած կանանց համեմատ՝ նրանց թիվը փոքր է:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հարցի կոմերցիոն կողմին՝ նշելով, որ քթի պլաստիկ վիրահատությունն արժե միջինը 400-450 հազար դրամ, ականջների վիրահատությունը (օտոպլաստիկա)՝ 180-200 հազար դրամ: Միաժամանակ կրծքի շտկման վիրահատությունը կախված է իմպլանտների որակից, որոնց զույգը արժե միջինը 1000 եվրո: -0-