Գեղեցկություն և առողջություն

Արձակուրդը կարող են երկար հիշվել ոչ միայն ուրախ լուսանկարներով և վառ հիշողություններով, այլ նաև, որքան էլ դա տխուր է, առողջության հետ կապված տարբեր խնդիրներով, այդ թվում` սնկային և վեներական հիվանդություններով:

Բժիշկ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը օգտակար խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչպես խուսափել առողջական խնդիրներից և միաժամանակ լավ հանգստանալ:

«Սովորաբար արձակուրդի ժամանակ մարդիկ մոռանում են չափի զգացողության մասին, և դա դրսևորվում է գործնականորեն ամեն ինչում` սկսած ալկոհոլի չարաշահումից մինչև չպաշտպանված սեռական հարաբերություններ: Այս ամենը, բնականաբար, հանգեցնում է առողջական տարբեր խնդիրների, որոնք հատկապես ակտիվ են դրսևորվում  աշնանը»,- ասաց բժիշկը:

Կարելի է վարակվել անգամ չափազանց անմեղ միջոցով` պարզապես լողալով լողավազանում կամ ծովափին արևայրուք ընդունելով:

«Իհարկե,  ծովում լողալը վեներական հիվանդությունների պատճառ դառնալ չի կարող, քանի որ ծովի ջուրը մշտապես շարժման մեջ է, սակայն լողավազաններում հիվանդանալու հավանականությունը բավականին մեծ է: Նույնը վերաբերում է ծովափին, ավազի և շեզլոնգի վրա պառկելուն, քանի որ այդ միջավայրը նպաստում է մանրէների տարածմանը»,- ասաց Շահրամանյանը:

Այդ կապակցությամբ, մասնագետի խոսքով, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոչ միայն անձնական հիգիենայի պահպանմանը, այլ նաև սպիտակեղենի մաքրությանը:

«Հաճախ հյուրանոցային համարի կամ հյուրատան սենյակի կենցաղային պայմանները չեն համապատասխանում հիգիենիկ նորմերին, ինչը կարող է նպաստել սնկային հիվանդությունների զարգացմանը»,- կարծում է բժիշկը:

Բժիշկն ընդգծեց, որ հիվանդության ախտանիշները կարող են չդրսևորվել բավականին երկար ժամանակ` մարդուն մոլորության մեջ գցելով:

«Սնկային և վեներական հիվանդությունները դրսևորվում են, մասնավորապես, սեռական օրգանների հատվածում տհաճ զգացողությամբ, կարմրությամբ, քորով, սեռական ակտիվության նվազմամբ: Սակայն այդ ախտանիշները կարող են երկար ժամանակ բացակայել կամ կարճ ժամանակով հայտնվել և կրկին անհետանալ»,- ասաց Շահրամանյանը` ավելացնելով, որ եթե խնդիրը կա, ապա, ամեն դեպքում, այն բուժում է պահանջում:

Հանգստի ժամանակ տհաճություններից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս անպայման օգտագործել հատուկ հակասնկային հակասեպտիկներ, անպայման ցնցուղ ընդունել ծովափ գնալուց կամ ծովում լողանալուց հետո:

Բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար փոխել լողազգեստը և չկրել այն  ողջ օրվա ընթացքում, քանի որ լողազգեստը ևս կարող է դառնալ սնկային և մաշկային հիվանդությունների զարգացման պատճառ:

«Այսօր գոյություն ունեն բազմաթիվ արևապաշտպան քսուքներ, որոնք պաշտպանում են նաև սնկային հիվանդություններից: Բացի այդ, առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել, չչարաշահել ալկոհոլը և չխախտել քնի ռեժիմը: Իսկ ամենակարևորը`հարկավոր է խուսափել չպաշտպանված սեռական հարաբերություններից»,- ասաց Շահրամանյանը:

Բժիշկը հավաստիացրեց, որ ճիշտ կազմակերպած հանգիստը կարող է առողջության և լավ ինքնազգացողության գրավական դառնալ: -0-