Գեղեցկություն և առողջություն

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Ամառը հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի, բերում է նաև խնդիրներ: Դրանք կապված են մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի, արևի ուղիղ ճառագայթների ազդեցության, ինչպես նաև այս սեզոնին բնորոշ մի շարք վարակիչ հիվանդությունների ակտիվացման հետ:

Օրգանիզմի գերտաքացում, արևահարություն, սրտանոթային համակարգի խնդիրներ` ահա ամառային շոգի և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքների ոչ լրիվ ցանկը։ Առողջության հետ կապված լրացուցիչ խնդիրներ կարող են առաջանել, եթե լավ չլվացվեն միրգն ու բանջարեղենը, ինչպես նաև պատշաճ ձևով չպահպանվի շուտ փչացող սննդամթերքը։

ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք թույլ կտան ամռանը պաշտպանել ձեզ և ձեր մտերիմներին առողջական խնդիրների հետ կապված տհաճ հիշողություններից:

Եվ այսպես, ամենաշոգ ժամերին՝ 12:00-ից մինչև 17:00-ն, հարկավոր է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, քայլել փողոցների ստվերոտ հատվածով, կրել սպիտակ կամ բաց երանգների ազատ, բնական կտորից հագուստ, ինչպես նաև գլխարկ։  
 
Խորհուրդ է տրվում նաև օգտագործել սովորականից շատ` օրական մոտ 3 լիտր)։ Սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողները հեղուկներ ընդունելու, դրանց քանակի հետ կապված հարցերի շուրջ պետք է խորհրդակցեն բուժող բժիշկների հետ: Ընդ որում ավելի լավ է խմել թան, մածուն:

Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ քիչ սառը, որպեսզի ավելի լավ հագեցնեն ծարավը։ Չի կարելի հեղուկները շատ սառեցնել: Պետք չէ չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

Կծու և յուղոտ կերակրատեսակների սիրահարները ճիշտ կանեն հրաժարվեն դրանցից` նախապատվություն տալով ավելի թեթև, դյուրամարս սննդին, պետք է օգտագործել նաև շատ միրգ և հում բանջարեղեն:

Երեխաներին, հղիներին, ծերերին, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց ցերեկային ամենաշոգ ժամերին խորհուրդ է տրվում քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: Ցանկալի է հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել: 

Ցանկալի չէ գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում: Հարկավոր է ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից:
Մարդիկ, ովքեր օրվա մեծ մասն անցկացնում են օդորակիչներով օդափոխվող վայրերում, պետք է հագնվեն ջերմաստիճանին համապատասխան և չնստեն սառը օդի հոսանքի տակ: 

Աղիքային վարակներից և բերանի խոռոչով օրգանիզմ թափանցող վարակիչ այլ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել ձեռքերի հիգիենային՝ հատկապես սնունդ պատրաստելիս և ուտելուց առաջ, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո։ Սննդամթերքը, միրգը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ պետք է հոսող ջրով լավ լվանալ, սննդամթերքը պահպանել սառնարանում` պատշաճ ջերմաստիճանային պայմաններում: Հարկավոր է գնել միայն թարմ, չփչացած և ոչ ժամկետանց սննդամթերք: Նաև պետք է խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք  օգտագործելուց, խոսքը, մասնավորապես, լցնովի փափուկ պաղպաղակի, զովացուցիչ ըմպելիքների, կվասի, թարմ մրգերից պատրաստվող հյութերի մասին է:

Երևանում ամռանը գործում են բազմաթիվ շատրվաններ և դեկորատիվ լողավազաններ: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողանալ բաց արհեստական ջրամբարներում, դեկորատիվ ջրավազաններում, խուսափել ոռոգման ջրով լվացվելուց, միմյանց վրա ցողելուց կամ լողանալուց: Իսկ միջատների խայթոցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել համապատասխան քսուքներ: 

Այս պարզ կանոններին հետևելու դեպքում ամառը կժպտա ձեզ իր բոլոր վառ գույներով: -0-