Գեղեցկություն և առողջություն

Այն մասին, թե ինչպես է «ուտել կամ չուտելը» ազդում «լինել թե չլինելու» վրա, ինչպես է ճիշտ սնունդը նպաստում օրգանիզմի առողջացմանը և առողջական մի շարք խնդիրների լուծմանը, «ԱՌԿԱ Style»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

— Այսօր գործնականորեն բոլորը ձգտում են ցանկացած գնով նիհարել: Ինչպե՞ս որոշել առողջության համար վտանգավոր ավելորդ քաշի առկայությունը կամ մարմնի զանգվածի պակասը:

Վարդանուշ – Գոյություն ունեն երկու ցուցանիշներ, որոնք որոշում են` արդյո՞ք, քաշը վտանգում է ձեր առողջությունը ու կա՞ն նիհարելու բժշկական ցուցումներ: Առաջինը մարմնի զանգվածի ցուցիչն է, որը հաշվարկվում է մարմնի զանգվածը հասակի քառակուսու վրա բաժանելով: 19,9-ից ցածր ցուցանիշը վկայում է մարմնի զանգվածի պակասի մասին, 20-24-ը նորմալ քաշն է, իսկ ցուցիչի ավելի բարձր ցուցանիշը վկայում է ավելորդ քաշի և ճարպակալման մասին: Հարկ է հիշել, որ այդ ցուցանիշն ընդունելի չէ մարզիկների, երեխաների և տարեցների, ինչպես նաև հղի ու կերակրող կանանց համար:

Բացի այդ, այց ցուցիչի թերությունն այն է, որ դրանով հնարավոր չէ որոշել, օրգանիզմի որ մասում են ճարպի կուտակումները: Որովայնի վրա այդ կուտակումներն ավելի վտանգավոր են, քան ոտքերի վրա: Այդ նպատակով չափվում է գոտկատեղի շրջանագիծը: Տղամարդկանց համար այդ թիվը պետք է փոքր լինի 92-100 սմ-ից, իսկ կանանց համար` 82 սմ-ից: Եթե այդ թիվը պակաս է, ապա բժշկական տեսանկյունից նիհարելու ցուցումներ չկան:

Բազմաթիվ հետազոտությունների հիման վրա սահմանվել է, որ եթե մարմնի զանգվածի ցուցիչը նորմայից բարձր է, իսկ գոտկատեղի շրջանագիծն ավելի մեծ է, ապա մարդիկ ավելի հակված են սիրտ-անոթային հիվանդությունների, ավելի բարձր է շաքարախտի, ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այժմ այլևս չկա «մարմնի իդեալական զանգված» հասկացություն, այլ բժշկական նպատակահարմարության հասկացություն: Այսինքն, մենք ասում ենք հիվանդին` «Նիհարիր 10%-ով, և ավելի լավ կզգաս քեզ»:
 
— Ո՞ր հիվանդությունները կարող են բուժվել այդ ձևով

Վարդանուշ – Բուժվում է հիպերտոնիան, նվազում է շաքարի պարունակությունն արյան մեջ,  մեղմվում են լեղաքարային հիվանդության դրսևորումները, երակների հետ կապված խնդիրները, նվազում է շնչառության կանգի պատճառով, այսպես կոչված, «քնած ժամանակ մահվան» ռիսկը: 

— Օպտիմալ է համարվում այն դիետան, որը կարելի է պահել ամբողջ կյանքում: Կիսու՞մ եք այդ կարծիքը:

Վարդանուշ – Յուրաքանչյուր դիետա շատ անհատական է և պայմանավորված է մարդու ֆիզիկական վիճակով, որը ժամանակի ընթացքում փոխվում է` կարող են առողջական խնդիրներ առաջանալ, կարող է փոխվել ճաշակը, նախընտրությունները: Կան հիմնական սկզբունքներ, որոնք պետք է պահել, բայց անհրաժեշտ է ճկուն լինել: Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր առանձնահատկությունները և, համապատասխանաբար, պետք է ունենա իր սննդակարգը, որն ընդունակ է բավարարել վիտամինների և հանքանյութերի պահանջը: Սննդակարգը նաև կախված է ֆիզիկական բեռնվածության ինտենսիվությունից: Թեև, անկասկած, կան հիմնական սկզբունքներ, որոնք ճիշտ են բոլորի համար, այնպիսիք, ինչպես չխառնել ուտելիքը և ըմպելիքները, բացառել գազավորված ըմպելիքները և այլն:

— Տարածված դիետաներից ո՞րն է, ըստ Ձեզ, ամենաանվտանգը:

Վարդանուշ – Նորաձև դիետաները դիետաներ չեն այդ բառի պրոֆեսիոնալ իմաստով: Դրանք որևէ կերպ չեն նպաստում նյութափոխանակության բարելավմանը կոնկրետ օրգանիզմում: Այդ, այսպես կոչված, դիետաները հիմնված են սննդից հրաժարվելու, օրգանիզմի հյուծման, քաշի նվազեցման վրա։ Միաժամանակ, ճիշտ կազմած դիետան առաջնային չի համարում քաշի պակասեցումը, այլ օրգանիզմի առողջացումը, օրգանիզմի յուրատեսակ կարիքների բավարարումը, հիվանդությունների կանխարգելումը։ 

— Այսինքն, որպես մասնագետ` Դուք դե՞մ եք նման դիետաների։

Վարդանուշ – Անշուշտ։ Բացի այդ, դրանք շատ վնասակար են առողջության համար։ Չէ՞ որ եթե մարդն ամսական նիհարում է 10 կգ–ով` թույլատրելի 3-5 կգ–ի փոխարեն, ապա դա վտանգում է նրա առողջությունը։ Սննդակարգի երկարատև սահմանափակումները նույնպես անընդունելի են և վնասում են առողջությանը։

— Որո՞նք են Հայաստանում առողջ սնվելու սկզբունքները, և կա՞ն տեղական առանձնահատկություններ։

Վարդանուշ – Հայաստանը ներկայում ավելի ու ավելի է գլոբալիզացվում։ Սնվելու հին հայկական ավանդույթները, մասնավորապես, տանը պատրաստած կերակուրների, մեծ քանակությամբ բանջարեղենի, հատիկեղենի օգտագործումը շատ ճիշտ էին։ Իսկ հիմա մարդիկ սնվում են ֆասթ–ֆուդով տնից դուրս, ինչը վնասակար է։ Ավանդական հայկական խոհանոցը բազմաթիվ առավելություններ ուներ առողջ սնվելու կազմակերպման տեսանկյունից, ինչի մասին, մենք, ցավոք, մոռանում ենք։ 

Առողջ սնվելու հիմնական սկզբունքներն ունեն մոտավորապես հետևյալ տեսքը` սնունդը պետք է բազմազան լինի, բանջարեղենը պետք է գերակշռի, նախընտրելի է ոչ ճարպոտ մսի, բուսական ծագման ճարպերի, հատիկեղենից պատրաստած մթերքի օգտագործումը, պետք է սահմանափակել աղի, շաքարի, կենդանական ճարպերի օգտագործումը։ 
Եվ ևս մեկ կետ, որը սննդակարգի մեջ չի մտնում, բայց անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ գործունեության համար` պետք է օրական ոտքով քայլել ոչ պակաս, քան երկու ժամ։

— Ի՞նչ խորհուրդ կտայիք նիհարել ցանկացողներին։

Վարդանուշ – Նիհարեք ճիշտ` ուտելով, խուսափելով սթրեսներից, անհրաժեշտության դեպքում զբաղվեք ֆիզիկական վարժություններով, սնվեք փոքր չափաբաժիններով օրական 3-4 անգամ։

— Երևանում ամենալավ սեզոնն է` աշուն, և պատրաստվում ենք ձմռանը։ Կա՞ն  խորհուրդներ, թե ինչպես դա ավելի ճիշտ անել։

Վարդանուշ – Աշունն անցումային ժամանակահատված է, և պետք է օրգանիզմը ձմռան պաշար հավաքի։ Կերեք ավելի շատ միրգ և բանջարեղեն, սառեցրեք դրանք ձմռան համար, ոչ թե պահածոյացրեք։ Առհասարակ, ցանկալի է յուրաքանչյուր սեզոնին ուտել այդ սեզոնին բնորոշ միրգ և բանջարեղեն։ Ցրտերի հետ ավելի լավ է կրճատել մրգա–բանջարեղենային կերակրացանկը և անցնել ապուրներին ու այլ տաք կերակրատեսակներին, ինչպես նաև փոխել ներքին ժամացույցը ու սնվելու հիմնական ժամը տեղափոխել ցերեկ, ինչը դժվար կլիներ ամռանը շոգի պատճառով։ -0-