Գեղեցկություն և առողջություն

Ամանորը յուրաքանչյուր մարդու համար ամենասպասված և սիրելի ժամանակահատվածն է, երբ բոլորն ուրախ են, իսկ տոնական սեղանների բազմազանությունն աչք է շլացնում։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հիշեցնում է, որ ուտելիքի և ալկոհոլի չարաշահումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։ 

Մաքրություն և կարգուկանոն 

«Նախևառաջ, պետք է ուշադրություն դարձնել մաքրությանը և հիգիենա ապահովել խոհանոցում, մշտապես լվանալ ձեռքերը, դանակները, սպասքը և մթերք կտրատելու տախտակները»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Բակունցը։

Հում և պատրաստի բանջարեղենը, միրգն ու այլ մթերքը պետք է պահել առանձին, իսկ այս կամ այն կերակրատեսակ պատրաստելուց առաջ հարկավոր է հանգամանորեն լվանալ։ Եվս մեկ կարևոր պահ` չի կարելի նույն դանակով կտրել թարմ և խաշած մթերքը։ 

Մթերքի ջերմային մշակում

Բակունցը նշեց նաև, որ Ամանորին հարկ է ուշադրություն դարձնել սննդի խաշման և պատրաստման ընթացքին, քանի որ բոլոր կերակրատեսակների և աղցանների բոլոր մթերքները պետք է ջերմային մշակում անցնեն։

Մթերքի պահպանման ժամկետները

Փորձագետը նշում է, որ տոնական կերակրատեսակները 48 ժամից ավել չի կարելի պահել սառնարանում, իսկ աղցանները` 6-18 ժամ։ Չի կարելի մի քանի օր պահել պատրաստի կերակուրը սենյակային ջերմաստիճանում։ 

«Սենյակային ջերմաստիճանում պատրաստի կերակրատեսակները երկու ժամից ավել չի կարելի պահել»,– ասաց փորձագետը։ 

Փորձագետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ամենից արագ փչանում են սոուսները, թթվասերը, մայոնեզը, կրեմով աղանդերը, տորթերը, որոնք անհրաժեշտ է պահել սառնարանում։ Բակունցը նշեց, որ չի կարելի երկար պահել միսը, ձուկը, կաթնամթերքը, պատրաստի կերակրատեսակները և պահածոները։ «Բոլոր պատրաստի կերակրատեսակները պետք է մատուցվեն բացառապես թարմ վիճակում»,– նշում է Բակունցը։ 

Ամենից հաճախ, ըստ նրա, տոնական օրերին թունավորումների հիմնական պատճառ է դառնում ալկոհոլի չարաշահումը։ «Խմել կարելի է, բայց չափավոր։ Թունավորման դեպքում պետք է անհապաղ բժիշկ կանչել»,– ասաց Բակունցը։ 

Թունավորման ախտանիշները

Սննդային թունավորման ժամանակ մարդը սրտխառնոց և թուլություն է ունենում, ինչը կարող է ուղեկցվել փսխումով և փորլուծությամբ։ -0-