Գեղեցկություն և առողջություն

Դիմահարդար Ռոքսանա Առաքելյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, թե ինչպես է պետք է խնամել մաշկն ամռանը և դիմահարդարման որ գույներն են առավել նախընտրելի։

«Ամռանն, առաջին հերթին, պետք է խնամել մաշկը և՛ առավոտյան, և՛ կեսօրին, և՛ երեկոյան։ Նախապատվությունը պետք է տալ բնական, թեթև միջոցներին` օգտագործելով նվազագույն տոնային քսուք և ստվերաներկ։ Ընդհանրապես, որքան քիչ է կինը շպարվում, այնքան լավն է նրա մաշկը»,– ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով` «Ամառ 2015»–ի նորաձև միտումներից է բնական լինելու ձգտումը։

«Պրոֆեսիոնալ դիմահարդարը երբեք խորհուրդ չի տա շատ շպարվել։ Ցերեկային դիմահարդարման համար արդիական է դեղձի գույնը, գեղեցիկ տեսք ունի նաև բնական արևայրուք հիշեցնող դիմահարդարումը»,– նշում է դիմահարդարը։

Ոճաբանները խորհուրդ են տալիս երեկոյան դիմահարդարման համար կիրառել ոսկեգույն, իսկ ցերեկային դիմահարդարման համար` սալորագույն ստվերաներկ։ Առաջվա պես նորաձև են գծաներկերն ու ստորին կոպերը ներկելը, բայց ցանկալի է զգույշ լինել գծերի հաստության հարցում։

Չի կարելի նաև մոռանալ դիմահարդարման հիմնական կանոնի մասին. ընդգծում ենք կա՛մ աչքերը, կա՛մ շուրթերը։ Այսինքն, եթե դուք ստվերաներկ եք օգտագործել և աչքերն ընդգծել սևաներկով և մատիտով, ապա վառ շրթներկը, հատկապես ամռանը, ճիշտ չէ, ավելի լավ է շրթունքների փայլ օգտագործել։ -0-