Գեղեցկություն և առողջություն

Նկարիչ, դիզայներ և պարֆյումեր Արման Մանուկյանի «Առեղծվածային մաշկ» նոր բուրմունքը ստեղծվել է «Օծանելիք: Մի մարդասպանի պատմություն» գրքից ստացած տպավորության արդյունքում։

«Կարդացել եմ գիրքը 10-12 տարի առաջ, և այն ինձ վրա մեծ տպավորություն է գործել։ Հիշելով այդ տպավորությունը` ես վերստեղծել եմ այն և կենդանացրել օծանելիքի միջոցով»,– ասաց նա «ԱՌԿԱ Style»–ի հետ զրույցում։

Պատասխանելով «ԱՌԿԱ Style»–ի այն հարցին, թե արդյո՞ք նա համարում է, որ կարողացել է կրկնել Պարֆյումեր Ժան Բատիստ Գրենույի հաջողությունը` ստեղծելով անկրկնելի և աննկարագրելի գրավիչ բուրմունք` Մանուկյանը պատասխանեց, որ փորձել է անել դա։

«Իմ ստեղծած բուրմունքի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է երկրորդ մաշկ դառնալ։ Այն պարտադրող չէ, նուրբ է և ամենաթափանց»,– կարծում է հայ պարֆյումերը։ 

«Առեղծվածային մաշկը» ստեղծվել է յոթ բաղադրիչների հիման վրա։ Այդ օծանելիքի ստեղծման համար առաջին անգամ օգտագործվել են Հայկական լեռնաշխարհի ծաղիկների և բույսերի բույրերը։ Ծաղկային թույլ մոգական օծանելիքը մեզ տեղափոխում է 17–րդ դար, երբ նորաձև էին համարվում հենց ծաղկային բույրերը։ 

Ստեղծողների կարծիքով` բուրմունքը նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, իսկ նոր օծանելիքի անվանումը, ասես, փայլատակում է եղել։ 

«Այդ անվանումն արտահայտում է այն ամենը, ինչ ես զգացել եմ և կցանկանայի արտահայտել բուրմունքի մեջ։ Ես այդ փնջում հավաքել եմ յուրահատուկ էսենցիաներ և եթերային յուղեր, որոնք ամբողջովին փոխանցում են այն ներդաշնակությունը, որը ծնվել է իմ մեջ և պետք է իրագործվի»,– նշեց Մանուկյանը։ 

«Օծանելիք: Մի մարդասպանի պատմությունը» գերմանացի դրամատուրգ և արձակագիր Պատրիկ Զյուսքինդի վեպն է։ Առաջին անգամ այն տպվել է Շվեյցարիայում 1985 թվականին։ Այսօրվա դրությամբ, այն ճանաչվել է Ռեմարկի ժամանակներից գերմաներեն լեզվով գրված ամենաճանաչված վեպը, որն ավելի քան 12 միլիոն օրինակ տպաքանակով բազմաթիվ հրատարակություններ է ունեցել։ 

«Մի մարդասպանի պատմությունը» պատմում է մի մարդու կյանքի մասին, ում «հանճարն ու ֆենոմենալ փառասիրությունը սահմանափակվում էին պատմության մեջ հետքեր չթողնող ոլորտով` բույրերի սավառնող թագավորությամբ»։ -0-