Գեղեցկություն և առողջություն

Երևանում մայիսի 31–ին անցկացվեց Վարսավիրական արվեստի, դեկորատիվ կոսմետիկայի և նեյլ արտի 10–րդ առաջնությունը, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։

Հաճելի է, որ հայ վարպետների թիմն արդեն երկար ժամանակ է` ընդգրկված է աշխարհի լավագույն վարպետների տասնյակում։ Հայաստանի վարսավիրների և դիմահարդարների միության նախագահ, միջազգային կարգի մրցավար Մարինա Առաքելյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմեց, որ առաջնության անցկացման նպատակն է բացահայտել ստեղծագործող մարդկանց, վարպետների պրոֆեսիոնալիզմը և ընտրել Հայաստանի չեմպիոններին, որոնք ընդգրկվելու են ազգային հավաքականում, երկիրն են ներկայացնելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

«Այսօր մենք կտեսնենք թե՛ սանրվածքներ, թե՛ ֆուլ ֆեյշն, թե՛ դիմահարդարում։ Մենք կտեսնենք այն ամենը, ինչ կապված է գեղեցկության հետ։ Մրցույթների ընթացքում որոշված լավագույն տասնյակը սեպտեմբերին կմեկնի Փարիզ` Եվրոպայի առաջնության, իսկ հաջորդ տարի կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Սեուլում»,– ասաց Առաքելյանը։

Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանն ու Չեխիան ներկայացնող վարսահարդարները, դիմահարդարներն ու մանիկյուրի մասնագետներն ութ ժամ շարունակ հանդիսատեսի աչքերի առաջ գեղեցկություն էին արարում։

Հնարավոր է` վարպետների և հանդիսատեսի համար գեղեցկության վերաբերյալ պատկերացումները մի փոքր տարբեր են, քանի որ ոչ բոլոր կերպարներն էին համապատասխանում մեր սովորական ընկալմանը, սակայն կարելի է հստակ ասել, որ այն, ինչ կատարվում էր առաջնության ընթացքում, որևէ մեկին չէր կարող  ձանձրացնել։

Սանրվածքների ամենաանսպասելի գունային և ոճային լուծումները, քարերի և զարդերի կիրառմամբ դիմահարդարումը ապշեցնում էին շատերին, սակայն վստահաբար կարելի է ասել, որ որևէ մեկին անտարբեր չէին թողնում։ Թեև այս ամենի մասին խոսելն անիմաստ է, քանի որ մթնոլորտն ու վերջնական արդյունքն ավելի լավ են ցուցադրում լուսանկարները։ Իսկ մեզ մնում է ներկայացնել մրցույթի ամենահուզիչ մասը` արդյունքները։ 

Այսպիսով, «Ազատ երկար մազեր» և «Երկար մազերով բարձր սանրվածք» անվանակարգերում հաղթեց Սևակ Մարկոսյանը, իսկ «Սալոնային կտրվածք» անվանակարգում` Լիանա Պիրոգովան։ Լիանա Հովհաննիսյանը լավագույնը ճանաչվեց «Սալոնային մանիկյուր» անվանակարգում, իսկ Խաչատուր Մաթևոսյանը` «Երևակայական սանրվածք» անվանակարգում։ Ռիպա Կասյանը զբաղեցրեց առաջին տեղը «Ծավալային դիզայն» անվանակարգում, իսկ Նազելի Արշակյանը` «Դիմահարդարում» անվանակարգում։

«Ֆուլ ֆեյշն» անվանակարգում լավագույն կին վարպետ ճանաչվեց Լիանա Պիրոգովան, իսկ տղամարդ վարպետ` Վարդան Գրիգորյանը։ Մեծ հետաքրքրություն առաջացրին նորապսակների համար նախատեսված սանրվածքն ու դիմահարդարումը։ «Նորապսակների սանրվածք» և «Հարսանեկան դիմահարդարում» անվանակարգերում հաղթեցին Վիկտորյա Հակոբյանն ու Նադեժդա Կազարնովան։

«ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է հաղթողներին և ցանկանում, որ նրանք Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեն Փարիզում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-