Գեղեցկություն և առողջություն

Էսթետիկ բժշկությունը, մասնավորապես՝ պլաստիկ վիրաբուժությունը, բժշկության միակ ուղղությունն է, որը միավորում է գիտությունն ու արվեստը, վստահ է Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդենինոն:

«Գիտությանը կարելի է տիրապետել պատշաճ ջանք գործադրելու դեպքում, սակայն եթե ձեզ մոտ բացակայում է գեղեցիկի զգացողությունը, ապա ոչ ոք դա չի կարող ներարկել ձեզ։ Հայերը, իտալացիները, իսպանացիները, ֆրանսիացիներն օժտված են նման շնորհով», — շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օդենինոն:

Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահը եկել է Հայաստան` իր փորձը փոխանցելու, վարպետության դասընթացներ անցկացնելու և մի քանի վիրահատություններ իրականացնելու համար:

«Հայերը սիրում են էսթետիկ վիրաբուժությունը, քանի որ հասկանում են, որ այն վիրաբուժության կարևոր ուղղություն է: Իսկ Արևմուտքում կարծիք կա, թե վիրաբուժության էսթետիկ ուղղությունն այնքան էլ լուրջ չէ», — նշեց վիրաբույժը:

Նրա կարծիքով՝ պլաստիկ վիրաբույժի նպատակն է ոչ թե փոխել դեմքը կամ մարմինը, այլ պարզապես մի փոքր շտկել այն:

«Եթե էսթետիկ միջամտությունը ճիշտ է կատարված, ապա դուք երբեք չեք հասկանա, որ նման բան է եղել: Նկատելի են միայն սխալ միջամտության հետևանքները: Վիրաբույժի նպատակն է երիտասարդացնել մարդուն, դարձնել նրան ավելի գեղեցիկ, այլ ոչ թե անճանաչելիորեն փոխել», — կարծում է բժիշկը:

Նա համոզված է, որ կարևորը ոչ թե բոլոր մարդկանց միանման դարձնելն է՝ աշխատելով շաբլոնով, այլ յուրաքանչյուր դեմքն առանձնահատուկ դարձնելը:

«Իտալիայում կանանց շրջանում ամենապահանջված վիրահատությունները կրծքի, կոպերի փոփոխության վիրահատություններն են և լիպոսակցիան», — նշեց վիրաբույժը: Իսկ տղամարդկանց էսթետիկ վիրաբուժությունը, ըստ փորձագետի, իսկական կոմիքս է:

«Սկզբում տղամարդիկ իրենց գլադիատորների նման են պահում, իսկ երբ գործը հասնում է վիրահատությանը, մենք ստիպված ենք լինում նրանց համոզել և խնդրել», — կատակեց բժիշկը:

Տղամարդիկ, որպես կանոն, վիրաբույժներին են դիմում սխալ շնչառության կապակցությամբ: Իսկ հետո, խոսքի մեջ, խնդրում են քիթը սիրունացնել, վերացնել կոր մասը և այլն:

«Պլաստիկ վիրահատությունների տարածվածության վարկանիշում տղամարդկանց շրջանում առաջին տեղում է քթի կորեկցիան, ճաղատության վերացումն ու կոպերի կորեկցիան: Հաջողակ  լինելու և լավ աշխատանք ունենալու համար այսօր հարկավոր է երիտասարդ տեսք ունենալ:

Ծերությունը՝ որպես իմաստության վկայություն, արդեն նորաձև չէ», — վստահ է Օդենինոն:

Եվ չնայած էսթետիկ բժշկությունը էժան հաճույք չէ, փորձագետը կարծում է, որ եթե մարդիկ մեծ գումարներ են ծախսում բրենդային հագուստի վրա, ապա առավել ևս իմաստ ունի մեծ գումար ծախսել այն բանի վրա, ինչը կզարդարի իրենց ողջ կյանքի ընթացքում:

Ինչպես նշեց «Ավանգարդ-մեդ» կլինիկայի հիմնադիր Գագիկ Ստամբոլցյանը, Հայաստանում և տղամարդկանց, և կանանց շրջանում պլաստիկ վիրահատությունների թվով առաջին տեղում է քթի կորեկցիան: Կանայք նաև հաճախ դիմում են լիպոսակցիայի հետ կապված, այսինքն՝ առանց կտրվածքի լոկալ ճարպային կուտակումների հեռացման համար:

Տարածված են նաև կրծքի և որովայնի առջևի պատի վիրահատությունները: Տղամարդկանց շրջանում առաջատար դիրքում են քթի կորեկցիայի վիրահատությունները, հաճախակի են դարձել նաև գինեկոմաստիայի գծով (տղամարդկանց մոտ կրծքագեղձերի առկայություն) վիրահատությունները, ինչպես նաև լիպոսակցիան:

Պատասխանելով ԱՌԿԱ Styleն այն հարցին, թե արդյոք կա՞ն ցուցումներ էսթետիկ վիրաբուժության ասպարեզում, թե՞ հաճախորդի ցանկությունը օրենք է վիրաբույժի համար, ասոցիացիայի նախագահը պատասխանեց, որ ինքը  մերժում է այցելուների գրեթե կեսին, ովքեր դիմում են վիրաբուժական միջամտության հետ կապված:

Գլխավոր չափանիշը, որը ստիպում է բժշկին վիրահատություն կատարել, հիվանդի հետ հստակ որոշելն է, թե ինչ է ցանկանում ստանալ հիվանդը, և հասկանալ, թե ինքը կարո՞ղ է դա անել: Հակառակ դեպքում հիասթափությունն անխուսափելի է:   

Օդենինոն վիրաբույժի աշխատանքը համեմատեց նկարչի աշխատանքի հետ, ով ստորագրում է իր կտավի տակ: Ստորագրությունը որակի նշան է, հեղինակություն: Նա երբեք չի անի վիրահատություն, եթե համոզված չէ վերջնական արդյունքում: Որպես օրինակ` նա ներկայացրեց մի իրավիճակ, երբ հիվանդն, օրինակ, կխնդրի  իրեն քիթը տեղափոխել ծոծրակի վրա:

«Ես, իհարկե, կփորձեմ տարհամոզել նրան, սակայն եթե հիվանդը պնդում է, ապա, ես, ենթադրենք, անում եմ վիրահատությունը: Հետո նա գոհ տուն է գնում, բոլոր ծանոթները նրան հաճոյախոսություններ են անում՝ հարցնելով, թե ով է վիրաբույժը, որպեսզի երբեք նրան չդիմեն, ինչը բացասաբար է ազդում իմ հեղինակության վրա», — համոզված է բժիշկը:

Մամուլի ասուլիսի վերջում արագ հետազոտելով ասուլիսին ներկա լրագրողուհիներին` վիրաբուժական միջամտության անհրաժեշտության հետ կապված՝ փորձագետը եկավ այն եզրակացության, որ Հայաստանում գեղեցկուհիները շատ են, և այն ամենը, ինչ կարող է անել էսթետիկ վիրաբույժը, փոքր-ինչ ընդգծելն է անհատականությունն ու ժամանակի հետքերը ջնջելը:

Միջոցառման ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ: -0-