Գեղեցկություն և առողջություն

«ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է ամառը սկսվելու կապակցությամբ և իր ընթերցողների ու հատկապես ընթերցողուհիների ուշադրությանը ներկայացնում հարցազրույց Հայաստանի առողջապահության նախարարության կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության ինստիտուտի բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի հետ։

– Վերջապես ամառ է։ Բայց լավ եղանակի ու գալիք արձակուրդների առթիվ ուրախության հետ մեկտեղ մեր սիրելի կանանց տանջում են կասկածները` ավելորդ կիլոգրամների ու սանտիմետրերի հետ կապված, որոնք հատկապես տեսանելի են բաց զգեստներ ու լողազգեստներ կրելիս։ Ի՞նչ կարելի է անել այդ խնդիրը լուծելու համար։

Պետրոսյան – Այդ մասին պետք էր ավելի շուտ մտահոգվել։ Անիմաստ է մտածել այն մասին, թե ինչպես ավելի արագ նիհարել։ Կայուն քաշը պետք է պահել տարին տասներկու ամիս։ Այնպես որ պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես նիհարել, այլ այն մասին, թե ինչպես պահպանել կայուն քաշը։ Կարևոր չէ, թե որքան է ձեր քաշը, կարևոր է չգիրանալ։

– Ինչպե՞ս հասկանալ, որ ավելորդ քաշ ունեք։

Պետրոսյան – Հիմա քաշի և հասակի իդեալական հարաբերակցության մասին պատկերացումները մի փոքր փոխվել են։ Ընդունված է հաշվել իդեալական քաշը` հասակից կրկնակի հանելով մարմնի զանգվածը։ Բայց դա չի արտացոլում մարդու առողջության վիճակը, քանի որ շատ հաճախ ավելորդ քաշը կուտակվում է որովայնի հատվածում։ Դա ավելի վտանգավոր է, քան գոտկատեղի և ազդրերի շրջանում ճարպի կուտակումները։ Ուստի ավելի ճիշտ չափանիշ է որովայնի հատվածի շրջագիծը։ Տղամարդկանց մոտ այդ թիվը պետք է կազմի 92-102 սմ–ից ոչ ավել, իսկ կանանց մոտ` 82 սմ–ից ոչ ավել։ Եթե որովայնի շրջագիծն ավել է, ապա անպայման պետք է միջոցներ ձեռնարկել։

Ցանկանում եմ նշել նաև, որ երբ մարդիկ դիետաներ են պահում, միանգամից նիհարում են, ենթադրենք, երկու շաբաթում 7 կգ, դա նշանակում է, որ նրանք կորցրել են 3-4 կգ ճարպ, մնացածը հեղուկի և մկանային զանգվածի կորուստ է։ Հետագայում այդ ծավալը կարող է արագ վերադառնալ և փոխարինվել ճարպով։ Ուստի խորհուրդ չի տրվում նիհարել ամսական 3-5 կգ–ից ավելի։

– Այսինքն, դիետոլոգը չի՞ կարող հրաշք բաղադրատոմս առաջարկել, որը թույլ կտա երեք օրում կամ մեկ շաբաթում հասնել ցանկալի քաշի։

Պետրոսյան – Ոչ, բայց շատ մարդիկ ցանկանում են հավատալ, որ կա նման միջոց, իսկ մյուսները դրա վրա գումար են վաստակում։

– Որոշելով ծովափնյա արձակուրդի վայրը կամ պատրաստվելով տոնական զգեստ կրել` շատ կանայք դիմում են էքսպրես կամ հրաշք–դիետաների։ Պատմեք, խնդրեմ, նման դիետաների օգուտի և վնասի մասին։

Պետրոսյան – Էքսպրես դիետաներ ուղղակի չկան։ Օրգանիզմին օրական 24 ժամ անհրաժեշտ են ածխաջրեր, վիտամիններ և այլն։ Նման էքսպրես դիետաներին հետևելը գրեթե նույնն է, ինչ առանց բենզինի մեքենա վարելը։ Օրգանիզմը չի մահանում, բայց հյուծվում է։

– Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչների ամենից հաճախ մեկ հարց է հետաքրքրում` ինչ ուտել նիհարելու համար։ Ի՞նչ կառաջարկեք։

Պետրոսյան – Չկան մթերքներ, որոնք նպաստում են քաշի ավելացմանը կամ նվազեցմանը, չկան դեղեր և կախարդական փայտիկ։ Հարցը միայն քանակն է։

–Մենք` հայերս, ինչպիսի՞ հիմնական բնորոշ սխալներ ենք թույլ տալիս սննդամթերք ընտրելիս։

Պետրոսյան – Գլոբալիզացիան արդեն վաղուց դուրս է մղել ավանդական հայկական խոհանոցը։

– Հարցն այլ կերպ ձևակերպեմ։ Որպես մասնագետ` ի՞նչն եք վնասակար համարում, ինչը` օգտակար։

Պետրոսյան – Խորհուրդ չեմ տալիս օգտագործել շաքար, շաքար պարունակող մթերք և խմիչքներ, պետք է խուսափել աղի ուտելիքից։ Եթե սննդակարգից բացառել այդ երկու բաղադրիչները և կրճատել սննդում օգտագործվող կենդանական ճարպերը, ապա կստացվի շատ առողջ սննդակարգ։ Խորհուրդ է տրվում ուտել մրգեր, բանջարեղեն, հացահատիկ, միս, ձուկ, ձու, ընդեղեն, ընկույզ, թեփով հաց։

– Մասնագետները նկատել են, որ պարբերական գիշերային «արշավանքները» դեպի սառնարան և դրա հետ կապված` շատ ուտելու պատճառն այն է, որ գիշերը մեր ուղեղն ավելի վատ է հսկում քաղցի զգացումը և ավելի քիչ հաճույք ստանում սնունդ ընդունելուց կամ նույնիսկ դրա տեսքից, քան առավոտյան կամ կեսօրին…

Պետրոսյան – Մեր մեջ առկա գենետիկ տեղեկատվությունը պահանջում է, որպեսզի գիշերը մարդը քնի։ Բնական է, որ գիշերն ուղեղն ավելի վատ է կատարում իր գործառույթները։ Եթե դուք ժամանակին չեք քնում, դա նշանակում է, որ բռնություն եք գործադրում ձեր սեփական օրգանիզմի նկատմամբ, որն այնուհետև «վրեժ է լուծում» ձեզանից։ Մարսողության համար ակտիվ ժամերն են ցերեկվա ժամը մեկից երկուսը։

– Ի՞նչ խորհուրդ կտաք անել, գիշերը շատ չուտելու համար։

Պետրոսյան Քնել կամ ուրիշ զբաղմունք գտնել։ Մարդը պետք է պառկի քնելու մինչև երեկոյան ժամը տասը և արթնանա առավոտյան ժամը վեցին։ -0-