Գեղեցկություն և առողջություն

Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ամերիկացի բժիշկ–ծաղրածու, հիվանդանոցային կլոունադայի ժանրի հիմնադիր Պետչ Ադամսը։

Նրա բարեգործական, նորարարական ծրագրերի, բժշկող ծաղրածուական ներկայացումների մասին գիտեն ողջ աշխարհում: Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը» (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:

«Ցավոք, բավականին դժվար է մեր օրերում նորմալ մարդ գտնել մի աշխարհում, որտեղ իշխում են փողն ու իշխանությունը, և տեղ չի մնում սիրո և ուրախության համար»,– նշեց Ադամսը։

Նա նշեց, որ ԱՄՆ–ում դեղորայքի վաճառքը բիզնեսի ամենավուլգար և ագահ տեսակն է, և մարդիկ, ովքեր այսօր իշխում են աշխարհում, փորձում են քննադատել իր կիրառած բուժման մեթոդները։ «Քննադատությունը, այնուամենայնիվ, չի կարող հաղթել սերը, հումորն ու ուրախությունը, և դա է մարդկանց առողջ դարձնում»,– ավելացրեց Ադամսը։

«Չեմ կարող հասկանալ, թե ինչու ժամանակակից կրթական հաստատություններում սեր չեն դասավանդում։ Մենք այլևս գեստապոյի կարիք չունենք, դրա փոխարեն մեզ բոլորիս փորձում են միայնության և թախիծի մեջ պահել»,– ավելացրեց Ադամսը։

Ըստ նրա` աշխարհում չկա դեպրեսիա անունով հիվանդություն, դա հորինել են դեղագործական ընկերությունները, որպեսզի մարդկանց մոտ դեղորայքային կախվածություն առաջացնեն։ «Դեպրեսիան միայնության ախտանիշ է, քանի որ մարդու համար ամենածանր փորձությունն առանց սիրո ապրելն է»,– ասաց Ադամսը։

«Մոլորակն այսօր սիրո կարիք ունի… Հենց այդ պատճառով ենք մենք այսօր այստեղ` Հայաստանում, որպեսզի մարդկանց սեր նվիրենք»,– ընդգծեց Ադամսը։

Բժիշկ և ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսը (Hunter Doherty Adams), ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս (Patch Adams) անունով, Հայաստան է ժամանել մայիսի 18-ին։ Նրա Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, այցը կազմակերպվում է IDeA հիմնադրամի  եւ «Go2Armenia» ընկերության կողմից՝ համագործակցելով համապատասխան պետական կառույցների, առողջապահական և սոցիալական տարբեր հաստատությունների հետ:

Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական- էկոլոգիական հաստատություն եւ որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում եւ մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ եւ ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Պետչ Ադամսի ձեռնարկումներն ու գաղափարները վարակիչ են, նրա փորձը հայտնի է ողջ աշխարհում, շատ վայրերում այն հաջողությամբ կիրառվում է:

Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա: 

Հայաստանում մեկշաբաթյա այցի ընթացքում Պետչ Ադամսը հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով (նրան կուղեկցեն նաև ռուսաստանյան «Մարիամի երեխաները»  գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները) Երևանում, Գյումրիում,Վանաձորում և Դիլիջանում կայցելի մանկատներ և մանկական հիվանդանոցներ, հանդես կգա յուրօրինակ ծրագրով: Բացի այդ, դասախոսություններ կկարդա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-