Գեղեցկություն և առողջություն

Այսօր նշվում է Քնի միջազգային օրը, ստորև ՌԻԱ Նովոստին այդ կապակցությամբ տեղեկանք է ներկայացրել։

Քնի միջազգային օրը (World Sleep Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպել է Քնաբուժության միջազգային ասոցիացիան։ Քնի օրը կոչված է հասարակության ուշադրությունը սևեռել քնի խախտումների վրա, որն ազդում է մարդու կենսագործունեության ամենատարբեր ասպեկտների վրա։

Քնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2008 թվականի մարտի 14–ին, այժմ այն նշվում է մարտի երկրորդ ուրբաթ օրը։

Ամեն տարի տոնը սոցիալ–առողջապահական  խորագիր է ունենում։ Այս տարվա կարգախոսը հետևյալն է.«Երբ ունես ամուր քուն, այն քեզ առողջության և երջանկության լիություն կբերի» (When sleep is sound, health and happiness abound)։

Այդ օրերին կազմակերպվում են ակտիվ սոցիալական գովազդներ, տարբեր ծրագրեր, որոնք քարոզում են առողջ քունը։

Մարդն իր կյանքի գրեթե մեկ երրորդը քնած է անցկացնում։ Քնի չորս փուլ է առանձնացվում. նինջ, երկար քուն, դելտա-քուն և «արագ» քուն։ Առանձին փուլերի գործառնական նշանակությունը տարբեր է։ Այժմ քունն ընդհանուր առմամբ դիտարկում են որպես ակտիվ վիճակ, որպես օրվա կենսառիթմի փուլ, որը հարմարվելու գործառույթ է իրականացնում։ Քնի ժամանակ տեղի է ունենում կարճաժամկետ հիշողության ծավալների, էմոցիոնալ հավասարակշռության, հոգեբանական պաշտպանության խախտված համակարգի վերականգնում։

Հաստատված է, որ բավական է քնել օրական 7-8 ժամ, որպեսզի հաջորդ օրվա ընթացքում քեզ առույգ և ուժերով լի զգաս։ Սակայն կյանքի ներկայիս ռիթմի պայմաններում հաճախ հարկ է լինում հրաժարվել քնի մեկ ժամից, ինչը բերում է քնի քրոնիկ պակասի։ 

Լավ քնի պարզ կանոններն են` պառկել քնելու և արթնանալ միևնույն ժամին, խուսափել մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց քնելուց 4 ժամ առաջ, սահմանափակել կամ դադարեցնել ծխելը, խուսափել կոֆեին պարունակող մթերքներից (թեյ, սուրճ, էներգետիկ ըմպելիքներ, շոկոլադ) քնելուց վեց ժամ առաջ, խուսափել ծանրամարս, կծու և քաղցր սննդից քնելուց չորս ժամ առաջ, կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ անել, բայց ոչ անմիջականորեն քնելուց առաջ, ապահովել հարմարավետություն ննջարանում (ներքնակ, բարձ, անկողնու սպիտակեղեն, լավ օդափոխում, հարմար ջերմային ռեժիմ, լռություն և մթություն)։ -0-