Գեղեցկություն և առողջություն

Սննդային թունավորումը, անխոս, տհաճ երևույթ է, իսկ ամռան շոգին այն կարող է նաև լուրջ հետևանքներ ունենալ: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակաբանական տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը պատմել է լրագրողներին, թե ինչպես խուսափել սննդային թունավորումից, ինչպես նաև որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել:

«Ընդհանուր առմամբ, ես կոչ եմ անում խուսափել տնային պահածոների օգտագործումից, քանի որ դրանք շատ հաճախ բոտուլիզմի զարգացման պատճառ են դառնում: Միաժամանակ, տնային պայմաններում պատրաստված մուրաբաներ կարելի է ուտել, քանի որ շաքարի պարունակությունը դրանցում գերազանցում է 50%-ը, իսկ նման միջավայրում մանրէները չեն գոյատևում»,- ասաց Բաբայանը:

Առողջության համար վտանգավոր չեն նաև այն պահածոները, որոնցում աղի պարունակությունը կազմում է ավելի քան 6%: Պահածոյացված սննդամթերքի, մասնավորապես, սմբուկի, տաքդեղի կամ դդմիկի օգտագործումից առաջ անհրաժեշտ է դրանք եռացնել 25 րոպեի ընթացքում:

Վիճակագրական տվյալներով` 2014 թվականի հունվար-փետրվարին գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք` վեց տուժածով, սակայն, բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն գրանցվել:

«2013 թվականին ընդհանուր առմամբ գրանցվել է 40 տուժած, որոնցից չորսը մահացել են»,- ասաց Բաբայանը:

Առողջությանը լուրջ վնաս կարող է հասցնել նաև սունկը, հատկապես, եթե այն ոչ իրազեկ մարդ է հավաքել:

«Այս տարի մեզ մոտ արդեն գրանցվել է սնկի թունավորման 20 դեպք: Սունկը պետք է օգտագործել մեծագույն զգուշությամբ», — հավաստիացնում է փորձագետը:

Առողջապահության նախարարությունը նաև կոչ է անում խուսափել արագ սննդի կետերում սնվելուց, չգնել խանութներից աղցաններ և կրեմով թխվածքաբլիթներ` նախապես չպարզելով արտադրանքի ժամկետը և դրանց պահպանման ժամկետները:
«Հաճախ թունավորման պատճառ են դառնում աղցաններն ու հրուշակեղենը: Ինչ վերաբերում է աղցաններին, ապա դրանք ամենից լավ է համեմել սեղանին դնելուց առաջ»,- խորհուրդ է տալիս Բաբայանը:

Ինչ վերաբերում է մրգերին, բանջարեղենին և հատապտուղներին, որոնք ամռան ֆավորիտներն են, ապա փորձագետը խորհուրդ է տալիս դրանք լավ լվանալ օգտագործելուց առաջ:

«Շատ կարևոր է լվանալ ինչպես մրգերը, հատապտուղները և բանջարեղենը, այնպես էլ դանակը, որով դրանք կտրվելու են: Միաժամանակ, անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենային և օրական խմել 2-3 լիտր ջուր»,- խորհուրդ է տալիս Բաբայանը: -0-