Գեղեցկություն և առողջություն

Ամառը երկար սպասված արձակուրդների շրջան է, որոնք շատերը սիրում են անցկացնել ծովափին` ընդունելով արևային լոգանքներ: Սակայն հաճախ լինում է այնպես, որ արևի տակ երկար մնալը կարող է հաճույքից վերածվել տհաճության, առավել ևս` ողբերգության: Մասնագետները նշում են, որ արևի տակ չափից շատ մնալը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, որոնք կունենան անդառնալի հետևանքներ` այրվածքից մինչև մաշկի քաղցկեղ:

Մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը և ուռուցքաբան Հրայր Հակոբյանը լրագրողներին պատմել են, թե ինչպես է հարկավոր պաշտպանվել արևային ճառագայթների բացասական ազդեցությունից և միաժամանակ ամբողջովին վայելել ամառն` առանց վնասելու առողջությանը:

«Սպիտակամորթներին» արևը վնաս է

Բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց ճնշող մեծամասնությունը ձգտում է «շոկոլադե արևայրուք» ձեռք բերել` դրա համար «օգտագործելով»  ոչ միայն արևի ճառագայթները, այլև արհեստական մեթոդներ, մասնավորապես` հաճախելով սոլյարի: Սակայն փորձագետները խորհուրդ են տալիս չտարվել ոչ մեկով, ոչ էլ մյուսով:

«Բաց գույնի աչքեր, մաշկ և մազեր ունեցող մարդիկ առավել հակված են չարորակ նորագոյացությունների, քանի որ բաց ֆենոտիպով մարդիկ թույլ ընկալունակ  են արևայրուքի նկատմամբ և հակված են արևային այրվածքներ ունենալուն ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ բարձր զգայունության պատճառով», — ասաց ուռուցքաբան Հրայր Հակոբյանը:

Սակայն «բաց գույնի» արտաքինը դեռ դատավճիռ չէ, հավաստիացնում են փորձագետները: «Այդ մարդիկ պարզապես պետք է խուսափեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից և չգտնվեն արևի տակ, երբ այն գտնվում է զենիթում»,- նշեց մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը:

Միաժամանակ խորհուրդ չի տրվում անտարբեր լինել արևապաշտպան միջոցների նկատմամբ:

Խալերը` անհանգստության պատճա՞ռ

Կարծիք կա, թե մարմնի վրա մեծ թվով խալերի առկայությունը չարորակ նորագոյացությունների հնարավոր զարգացման նշան է: Արդյո՞ք դա այդպես է:

Հրայր Հակոբյանը վստահեցնում է, որ այս դեպքում «չկա ծուխ առանց կրակի» ասացվածքն ամբողջովին արդարացված է:

«Ընդհանուր առմամբ մարդու մարմնի վրա կարող է լինել մինչև 100 մաշկային պիգմենտ, սակայն եթե դրանց թիվը գերազանցում է 50-ը, ապա անհանգստանալու պատճառ, ամեն դեպքում, կա, քանի որ այդ մարդիկ հակված են չարորակ նորագոյացությունների զարգացմանը»,- ասաց բժիշկը:

Այդ պատճառով այդ կատեգորիայի մարդիկ պետք է հեռու մնան ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Իրականություն և սուտ այրվածքի դեպքում օգնության մասին

Արևայրուքը ևս այրվածք է համարում, և հաճախ ինքնաբուժության դեպքում մարդիկ սկսում են օգտագործել սխալ միջոցներ, որոնք հայտնի են ժողովրդական բժշկության մեջ:

Մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը նշեց, որ արևային այրվածքի դեպքում հայկական հասարակության շրջանում ամենատարածված սխալներից մեկը մարմնի վնասված հատվածների վրա մածուն քսելն է:

«Մարդիկ սխալ կարծիք ունեն, թե սառը մածունը կարող է օգնել այրվածքի դեպքում, իրականում այն չորացնում է մաշկը` նման կերպ դժվարացնելով առողջացման գործընթացը», — պարզաբանեց բժիշկը:

Մեկ այլ սուտ կապված է այրվածքի դեպքում գարեջրի օգտագործման հետ, չնայած բժիշկը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է առաջացել այդ սխալ կարծիքը:

«Այրվածքի դեպքում որպես սառեցնող միջոց կարելի է օգտագործել ջուրը», — ասաց նա:

Բժիշկը նաև նշեց, որ սոլյարիի չարաշահման վնասը գրեթե հավասար է ուլտրամանուշակագույն ճառագայթների չափից դուրս ազդեցությանը:

Եզրակացություններ անելով` կարելի է նշել, որ տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է պարզապես օգտագործել արևապաշտպան միջոցներ, հատկապես ցերեկային ժամերին խուսափել արևի տակ երկար մնալուց և կրել բաց երանգների հագուստ:-0-