Գեղեցկություն և առողջություն

Մարդու ծնվելու շրջանը վիճակագրական կապ ունի բնավորության մի շարք գծերի հետ, համենայն դեպս շոու բիզնեսի ներկայացուցիչների դեպքում այդպես է։ Իսկ դա նշանակում է, որ Կենդանակերպի նշանների օգնությամբ կարելի է գնահատել անձի որակական հատկանիշները, կարծում է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի հոգեբան Մարկ Հեմիլթոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հոգեբանները հաճախ մերժում են այն օրինաչափությունները, որոնց մասին խոսում են աստղաբանները, բայց սեզոնային ազդեցություններ իսկապես կան, և դրանք բացատրության կարիք ունեն։ Ես չեմ ասում, թե դրանք կապված են երկնային մարմինների հետ, այլ պարզապես կարծում եմ, որ կենդանակերպի նշանները հարմար են այդ օրինաչափությունները հիշելու համար»,– կարծում է Հեմիլթոնը։

Նա այդպիսի հակասական եզրակացության է եկել, երբ ուսումնասիրել է շոու բիզնեսի, քաղաքականության, գիտության և գրականության ոլորտների երեք հարյուր ներկայացուցիչների բնավորության գծերը և արդյունքները համադրել նրանց ծննդյան ժամանակահատվածի հետ։ 

Ինչպես պարզվել է, գիտության, արվեստի և քաղաքականության ներկայացուցիչների ծննդյան ամսաթվերն օրացույցում պատահական չեն տեղաբաշխված, այլ խմբավորված են տարվա որոշակի ամիսների և կենդանակերպի որոշակի նշանների շուրջ։ 

Ընդհանուր առմամբ, հայտնի մարդկանց մեծ մասը ծնվել է աստղաբանական օրացույցի, այսպես կոչված, «թաց ամիսներին»` դեկտեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Կենդանակերպի այն նշանների ներքո, որոնք ասոցացվում են համառության և էքստրավերտ լինելու հետ (այսպես կոչված, «վառ» և «ֆիքսված» նշաններ)։ 

Այս բոլոր ժամանակահատվածները, գիտնականի խոսքով, աստղաբանության մեջ ասոցացվում են ստեղծարարության, նևրասթենիայի, շիզոֆրենիայի հակվածության, երազկոտության, իրականությունից օտարված լինելու և մի շարք այլ գծերի հետ, որոնք այսօր ասոցացվում են արվեստի աստղերի և հանճարների հետ։ Նշանակում է` կարելի է խոսել այն մասին, որ կենդանակերպի նշաններն ու աստղաբանական այլ հատկանիշները կապված են մարդու որակական հատկանիշների հետ, թեև այդ կապի բնույթն առայժմ հայտնի չէ։

Գիտնականն այդ ֆենոմենը բացատրում է այն հանգամանքով, որ Կենդանակերպի նշաններն ու աստղաբանական այլ հատկանիշները հենց այնպես չեն հայտնվել։ Դրանք սերտորեն կապված են եղել սեզոնային փուլերի և եղանակային ու կլիմայական երևույթների հետ, ինչ և երբ է կատարվում, ինչ է պետք ձեռնարկել բնության ուժերի տարբեր դրսևորումներին ի պատասխան։ Ժամանակի ընթացքում դրանց իմաստը կորել է, իսկ նշանները մնացել  են և նոր նշանակություններ ձեռք բերել։ -0-