Գեղեցկություն և առողջություն

Ամանորին ընդառաջ հարկ է հիշել, որ ցանկացած չարաշահում սննդում կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա։

Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հիշեցնում է, որ ուտելիքի և ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել մահվան։ 

«Թունավորումից մահվան ելք հնարավոր է ժամանակին բժիշկի չդիմելու դեպքում»,– երկուշաբթի ասաց Բակունցը լրագրողներին։ 

Ըստ նրա, ռիսկի գոտում են ցածր դիմադրողականությամբ, տարեց մարդիկ, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք։ «Երիկամային, սիրտ–անոթային բավարարության, անոթների խնդիրներ ունեցող, շաքարախտ ունեցող մարդիկ պետք է առավելագույն զգույշ լինեն, մասնավորապես, ալկոհոլի դեպքում, որ խուսափեն ծանր հետևանքներից»,– ասաց Բակունցը։ 

Փորձագետի խոսքով, ուտելիքը պետք է ընդունել ոչ մեծ քանակությամբ, օգտագործել որակյալ և թարմ մթերքներ, ինչպես նաև պահպանել հիգիենայի կանոնները ուտելիք պատրաստելիս, և եթե ցանկություն կա համտեսելու տոնական սեղանի բոլոր կերակրատեսակները, ապա չափաբաժինները պետք է լինեն փոքր` լյարդի և աղեստամոքսային տրակտի վրա ավելորդ բեռնվածությունից խուսափելու համար։ 

«Որոշ կերակրատեսակներ պատրաստելիս, անհրաժեշտ է, որ ձեռքերը, դանակները, սպասքը և մյուս պարագաները մաքուր լինեն։ Չի կարելի նույն դանակով կտրել թարմ և խաշած մթերքներ»,– ընդգծեց փորձագետը։ 

Ինչպես նշեց Բակունցը, պատրաստի կերակրատեսակները կարելի է պահել սառնարանում ոչ ավելի, քան 48 ժամ, իսկ աղցանները` 6-18 ժամ։ «Չի կարելի մի քանի օր պահել պատրաստի կերակրատեսակները սենյակային ջերմաստիճանում, քանի որ դա հանգեցնում է մանրէների բազմացմանը»,– ասաց նա։ 

«Ամենաարագ փչացող մթերքներն են` սոուսները, թթվասերը, մայոնեզը, կրեմով աղանդերն ու տորթերը, որոնք անհրաժեշտ է պահել սառնարանում։ Չարժե նաև երկար պահել միսը, ձուկը, կաթնամթերքը, պատրաստի կերակրատեսակները և պահածոյացված մթերքները»,– ասաց Բակունցը։ 

Փորձագետը կոչ է անում նաև չչարաշահել ալկոհոլը, նաև հիշեցնում է, որ թունավորման հիմնական պատճառն անցյալ ամանորին հենց ալկոհոլն էր։ 

Պատասխանելով «ԱՌԿԱ Style»–ի այն հարցին, թե սննդի ինչ ռեժիմ պետք է լինի երեխաների համար` Բակունցն ասաց, որ Նոր տարին առիթ չէ երեխայի սննդակարգում լուրջ փոփոխություններ կատարելու համար։

«Կարելի է հյուրասիրել երեխային, բայց եթե ծնողները վստահ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում այս կամ այն կերակրատեսակը, ապա ավելի լավ է ռիսկի չդիմել։ Սննդի հանրային կետերում տոներին շատ արագ են պատրաստում և երբեմն` պահպանման պայմանների խախտմամբ, ինչը հանգեցնում է առողջական խնդիրների։ Չի կարելի երեխայի համար սնունդ գնել անհայտ վայրերից, որտեղ կասկածելի են հիգիենայի կանոնները»,– նշեց Բակունցը։

Փորձագետի խոսքով, երեխաներին պետք է տալի միայն թարմ սնունդ, իսկ միրգն ու բանջարեղենը պետք է լավ լվացած լինի։ 

«Երեխաների նյութափոխանակությունն ավելի արագ է, քան մեծահասակների մոտ, այդ պատճառով նրանց օրգանիզմն անընդհատ հեղուկ է պահանջում։ Այդ պատճառով երեխաները սիրում են գազավորված ըմպելիք, բայց պետք է ուշադիր լինել, որ երեխաները չչարաշահեն դրանք, քանի որ մեծ քանակությամբ շաքար են պարունակում»,– ասաց նա։ -0-