Գեղեցկություն և առողջություն

Ամանորի տոներին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, մարդիկ հաճախ են տրվում գայթակղությանը, իսկ հետո նկատում են, որ ավելորդ քաշ են հավաքել։ Սակայն դիետոլոգը պնդում է, որ ամանորին հավաքած կիլոգրամները ոչ թե ճարպ են, այլ ջուր։

Մարդն ավելորդ քաշ է հավաքում, ըստ դիետոլոգ Հասմիկ Աբովյանի, նաև այն պատճառով, որ Ամանորին ավելի շատ է աղի սնունդ օգտագործում` դրա հետ գազավորված և «գունավոր» ըմպելիքներ օգտագործելով, որոնք բացասաբար են ազդում մարդու օրգանիզմի վրա։

Դիետոլոգը խորհուրդ է տալիս օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար «բեռնաթափման» օրեր անցկացնել, հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից և «բնական» հյութերից։

«Կարևոր է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը… Հարկավոր է ամեն օր  քայլել` անելով գոնե 10000 քայլ, ինչը նորմա է համարվում», — ընդգծեց Աբովյանը։

Դիետոլոգն ավելացրեց նաև, որ օրգանիզմը ամանորի «փորձարկումներից» և չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո մաքրելուն կօգնեն կեֆիրը, սովորական ջուրը և խնձորը։ -0-