ArmStyle

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը երեքշաբթի մեկնարկել է Երևանում։ Այն անցկացվում է օգոստոսի 19–29–ը։

«Փառատոնն իրականում անցկացվում է ողջ տարվա ընթացքում։ Սա կայացած նախագիծ է նրանց համար, ովքեր սիրում են իրենց հայրենիքն ու մշակույթը։ Փառատոնի հիմնական նպատակն է քարոզել հասարակական և ընտանեկան արժեքները, պահպանել բնությունը», – ասաց փառատոնի համակարգող Աննա Կարապետյանը։

Նրա խոսքով` «Ֆրեսկո»–ի շրջանակում նախատեսվում է 2 մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը:

«Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը քարոզում է հայկական արժեքները ռուսալեզու կայքերում, իսկ լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանն իր ստեղծագործությամբ ապացուցում է, որ արվեստի համար չկան սահմաններ և խոչընդոտներ», – ասաց Կարապետյանը։

Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն իր հերթին «տարօրինակ» համարեց փառատոնը այդ բառի լավ իմաստով։

«Սա բարության, անկեղծության, աղոթքի փառատոն է։ Կինոդիտումն աստղազարդ երկնքի տակ ամբողջովին այլ տպավորություն է թողնում», – նշեց վարդապետը։

Իսկ Բրիկմանը պոետիկ բնութագրեց փառատոնը` նշելով, որ փառատոնը բարության այնպիսի լիցք է փոխանցում, որը պարտադիր կվերադառնա։

«Կներկայացնեմ «Հայաստանի աչքերը իսրայելցու աչքերով» ցուցահանդեսը և կանցկացնեմ «Տեսնել տեսածը» վարպետության դասը», – նշեց նա։

Նա ավելացրեց, որ արդեն աշխատում էր ցուցահանդեսի վրա, երբ իմացավ ՊՊԾ գնդի շենքի զավթման մասին։ «Սուզվեցի ցնցող հայի աչքերում, երբ նախորդ տարի լուսանկարներ էի անում։ Գիտեմ մի բան` հայի աչքերը չպետք է նայեն հայի աչքերի մեջ նշանառության ապակու միջից։ Հուսով եմ, որ, դիտելով իմ լուսանկարները, մարդիկ վայր կդնեն զենքը», – նշեց Բրիկմանը։

Նա կարծում է, որ կարողացել է ներկայացնել Հայաստանը կողքից։ «Հայաստանում, ի տարբերություն մյուս մեգապոլիսների, շատ մարդիկ չեն կրում սովորական դիմակներ, այստեղ մարդիկ անկեղծ են, ես տեսնում եմ մարդկանց», – ասաց Բրիկմանը։

Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրիում անցկացվել է միջազգային բացօթյա կինոճամբար, որի շրջանակում ավելի քան 100 մարդ մասնակցել է մշակութային տարբեր միջոցառումների, այդ թվում`գիշերային բացօթյա կինոդիտում-քննարկումներին` ֆիլմերի հեղինակների անմիջական մասնակցությամբ:

Այս տարի «Ֆրեսկոյի» ֆիլմացանկում ներառված է 22 երկրներից ներկայացված 74 կինոժապավեն, որից միայն չորսն է հայկական։

Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին:

Օգոստոսի 26-ին և 27-ին երեկոյան Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, իսկ կինոդիտումներից առաջ կազմակերպիչներն առաջարկում են 3 օր շարունակ վայելել կենդանի համերգային ծրագիր: Օգոստոսի 26-ին նախատեսված է «Մրրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգը, 27-ին Կարպի լճի բացօթյա բեմում «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» խումբն է, իսկ արդեն օգոստոսի 28-ին կանցկացվի փառատոնի պաշտոնական փակումն ազդարարող միջոցառումը:

Հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը փառատոնի բոլոր փուլերին, իսկ փառատոնի մրցանակները, ավանդույթի համաձայն պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնն անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2015 թ.–ի հունիսի 27–ից հուլիսի 5–ը և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, իսկ առաջին FRESCO–ն կազմակերպվել էր 2014 թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ը։

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։