Նորաձևություն

Հայտնի մարզիկները չպետք է մտահոգվեն իրենց ապագայի մասին մարզական կարիերայի ավարտից հետո, չէ՞ որ ավելի տարածված է դառնում օգտագործել հայտնի մարզիկների դեմքը գովազդային արշավներում։ Ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը դարձել է Mango ապրանքանիշի 2015 թ.–ի Գարուն/Ամառ տղամարդկանց հավաքածուի դեմքը, հաղորդում է Fashiontime.ru–ն։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը նկարահանվել է վերջին հավաքածուի սև–սպիտակ ֆոտոշարքում և նույն գովազդային հոլովակում։ Գովազդային արշավի ժամանակ Զիդանը կրել է բայքերական բաճկոն, կարճ տաբատ, էլեգանտ տրիկոտաժ և հարմար բոմբեր բաճկոն։ Այս ամենը ներկայացված է մուգ շագանակագույն, սպիտակ և մոխրագույն երանգներով։

Կադրում Զիդանը բավականին ներդաշնակ տեսք ունի, ինչը զարմացրել է ոճաբաններին և իռլանդացի լուսանկարիչ Բու Ջորջուին, ով մարզիկից չէր սպասում լուսանկարվելու նման տաղանդ։

Mango–ի հետ համագործակցության մասին 42–ամյա ֆուտբոլիստը նշել է. «Երկար ժամանակ Իսպանիայում եմ բնակվել, այնպես որ Mango–ին լավ ծանոթ եմ։ Երբ ինձ առաջարկեցին դառնալ ապրանքանիշի դեմքը, ես համաձայնեցի, քանի որ ինձ դուր է գալիս այն գաղափարը, որ մարդիկ կարող են կրել բավականին մատչելի, որակյալ և ոճային հագուստ»։ 

Իրականում «Ռեալ» ակումբի պահուստային թիմի գլխավոր մարզչի համար այս ֆոտոշարքը դեբյուտ չէ, նա արդեն ներկայացրել է մարզական հագուստի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Y–3–ը, Adidas–ն ու Louis Vuitton–ի սպորտային հավաքածուն։ -0-