Նորաձևություն

Չնայած, որ Ուլյանա Սերգեենկոյի շոուն երբեք չի նշվել Փարիզի Նորաձևության շաբաթվա պաշտոնական ժամանակացույցում, այն միշտ մեծ թվով հյուրեր է ունեցել։ Ցուցադրության առաջին շարքում նկատվում էին ռուսական it-girls–երը, հեղինակավոր արևմտյան քննադատները, կինոաստղերն ու թագավորական ընտանիքի անդամները։ Սակայն այս անգամ դիզայներն անսպասելիորեն որոշեց հրաժարվել շքեղ շոուից` դրա փոխարեն կազմակերպելով փակ ցուցադրություն Փարիզի 5 աստղանի հյուրանոցներից մեկում։ Այս մասին գրում է Woman.ru–ն։

Ուլյանա Սերգեենկոն շարունակում է ոգեշնչվել Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հարուստ մշակութային ժառանգությունից։ Այս անգամ հավաքածուի լեյտմոտիվը դարձան Վրաստանի և Հայաստանի (դիզայների ամուսինը` Դանիլ Խաչատուրովը ծննդով Հայաստանից է) ավանդական զարդանախշերն ու կոստյումները։ Կանացի թավշյա զգեստները, բմբուլներով զարդարված թիկնոցները, վերարկու–խալաթները և կիսաշրջազգեստները լրացված էին օրիգինալ գլխարկներով, որոնց հեղինակը գլխարկների հայտնի դիզայներ Սթիվեն Ջոնսն է։

Դիզայները կենդանիների կերպարները «վերցրել» է «Նռան գույնը» նկարահանած հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովից: Նա այդ կերպարներն օգտագործել է աքսեսուարներ ստեղծելիս, ինչի վկայությունն են դարձել ինքնատիպ փոքր պայուսակները: -0-