Նորաձևություն

Հայտնի է դարձել, որ Լոնդոնում դեկտեմբերին կայանալիք Victoria’s Secret-ի շոուի ժամանակ կներկայացվի ոչ թե մեկ, այլ միանգամից երկու թանկարժեք Fantasy Bra կրծկալ: Դրանք կցուցադրեն 33-ամյա «հրեշտակներ» Ադրիանա Լիման և Ալեսսանդրա Ամբրոսիոն: Այս մասին գրում է  Spletnik.ru-ն: 

Ինչպես հաղորդում են աղբյուրները, կրծկալների հեղինակը ոսկերիչ Պասկալ Մուավադն է, ով ներքնազգեստը զարդարել է շափյուղաներով, սուտակներով և ադամանդներով: Fantasy Bra-ներից յուրաքանչյուրը զարդարված է 16 հազար թանկարժեք քարերով և 18 կարատ քաշով ոսկով: 

Նշենք, որ մեկ կրծկալն արժե մոտ 2 մլն դոլար: ԶԼՄ-ների տվյալներով՝ մեկ կրծկալի ստեղծման համար պահանջվել է 1380 ժամ:

Ալեսսանդրա Ամբրոսիո

«Չեմ կարող խոսքերով նկարագրել, թե որքան երջանիկ էի, երբ ինձ զանգահարեցին Victoria’s Secret-ից և հաղորդեցին այդ լուրը: Ծանրաբեռնված աշխատանքային ժամանակացույցի պատճառով ես և Ադրիանան հազվադեպ ենք հանդիպում, այդ պատճառով ինձ իսկապես դուր եկավ նկարահանումների ընթացում անցկացրած ժամանակը: Մենք զրուցում էինք և նորություններ փոխանակում երեխաների ու ընդհանուր ընկերների մասին», — ասել է Ամբրոսիոն People ամսագրին:

Ադրիանա Լիմա

«Սա առանձնահատուկ տարի է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ մենք երկուսով ենք լինելու: Ալեսսանդրան իմ մտերիմ ընկերուհին է, այնպես որ ես շատ ուրախ էի: Հիանալի  է նման պատիվը կիսել լավ ընկերուհու հետ: Ես և  Ալեսսանդրան միշտ ուրախ ժամանակ ենք անցկացնում միասին, զվարճանում ենք տեսախցիկի առջև: Դիմահարդարման և սանրվածքի տակ թաքնվում են երկու բրազիլացի խենթուկներ, ովքեր միշտ զվարճացնում են իրար», — նշել է Ադրիանան:
 
Նշենք, որ և Լիման, և Ամբրոսիոն Victoria’s Secret-ի պոդիումի վրա արդեն ցուցադրել են բաղձալի Fantasy Bra-ներ. Ադրիանան՝ 2008 և 2010 թթ.-ին, Ալեսսանդրան՝ 2012 թ.-ին: 2013 թ.-ին 10 մլն դոլար արժեքով թանկարժեք կրծկալը ցուցադրել է Քենդիս Սուեյնփոուլը: