Միտումներ

Max Mara

Միլանում անցկացվող Նորաձևության շաբաթվա ընթացքում կայացել են Prada–ի, Just Cavalli–ի, Gucci–ի, Max Mara–ի և Fendi–ի ցուցադրությունները։

Prada–ի ready-to-wear հավաքածուի ցուցադրությունը հաճելիորեն զարմացրել է ներկաներին։

Բաց կանաչ, նուրբ վարդագույն, երկնագույն, պիստակի գույն, կանաչ, ծիրանագույն… Ոչ ոք չէր սպասում, որ բեմի վրա գույների նման հրավառություն կտեսնի, քանի որ վերջին մի քանի սեզոններին Միուչա Պրադան հիմնականում մռայլ գույներ էր ներկայացնում։

Prada

«Քաղցր է… Սակայն` ուժեղ»,– իր նոր հավաքածուն մեկնաբանեց հավաքածուի դիզայները։

Թվիդե կոստյումներ, նեոպրենից կարված տաբատներ ու պիջակներ, գրեթե ուսերին հասնող կաշվե ձեռնոցներ, մետաղազարդեր, պայուսակներ։ Իսկ կոշիկները… Տեսեք, թե ինչ հիասքանչ են դրանք։

Մարիո Պրադայի թոռնուհին կարողացավ ապշեցնել ոչ միայն Նորաձևության տան երկրպագուներին, այլև` քննադատներին, ովքեր բարձր գնահատական տվեցին նրա աշխատանքին, հաղորդում է Spletnik.ru-ն:

Prada

2015 թվականի աշուն–ձմեռ ժամանակահատվածի գլխավոր սկզբունքը, ըստ Կավալիի, խիզախ համադրումն է։ Ընձառյուծի նախշերը համադրվում են աբստրակտ «կոտրված» ոլորագծերի հետ, մետաղազօծ կաշին` մորթյա դրվագների, կիսաշրջազգետներն ու զգեստներն էլ` կիսասպորտային կոշիկների հետ։

Առանձնահատուկ տեղ էին զբաղեցրել նաև Կավալիի հավաքածուներին մշտապես բնորոշ պատկերները։ Այս սեզոնին Just Cavalli–ի հավաքածուում ներառվել էին և՛ մոդելագործների սիրելի կենդանական պատկերները, և՛ էթնիկ մոտիվները, և՛ իհարկե գունային ռոմանտիկան։

Just Cavalli

 

Մամուլի և fashionistas–ի ուշադրության կենտրոնում Gucci–ի աշուն–ձմեռ հավաքածուն էր։ Հեղինակը Ալեսանդրո Մեքելեն է։ Նա ապրանքանիշի ստեղծագործական հարցերի տնօրենի պաշտոնում Ֆրիդա Ջանինիին է փոխարինել այս տարվա հունվարին։

Դիզայներին նույնպես ոգեշնչել են նախորդ դարի 70-ական թվականները։ Մոդելները բեմում ցուցադրում էին լայն զգեստներ, ծալադարսերով կիսաշրջազգեստներ, գիշերազգեստի ոճով կարված կոստյումներ, մորթյա վերարկուներ, գործվածքով զարդարված ջեմպերներ, բերետներ, ինչպես նաև` խոշոր «գրադարանային» ակնոցներ։

Ցուցադրության առաջին շարքում էին Սալմա Հայեքն ու Ֆրասնուա–Անրի Պինոն, Ֆրանկա Սոցանին, Աննա Դելո Ռուսոն և այլ հայտնի մարդիկ։

Gucci

Հավաքածուն ստեղծելիս Max Mara ապրանքանիշի ստեղծագործական հարցերի անփոփոխ տնօրեն Լաուրա Լուսուարդին ոգեշնչվել է նախորդ հարյուրամյակի հայտնի շիկահեր Մերլին Մոնրոյի կերպարով, որին բոլոր ժամանակներում նմանվելու ձգտում են ունեցել աշխարհի տարբեր անկյուններում ապրող կանայք։

Max Mara

Հերթական գերազանց ցուցադրություն էր պատրաստել նաև նորաձևության ոլորտի իտալական հսկաներից մեկը` Fendi–ն, որի ոճը կարելի է բնութագրել այսպես` «բարձրակարգ բազմաշերտություն»։

Ծանր վերարկուներ, կաշվե կիսաշրջազգեստներ ու զգեստներ, որոնք ձևով արհեստանոցների աշխատակիցների հագուստի են նմանվում, բարձր օձիքով կիսաթափանց սվիտերներ և դասական սպիտակ վերնաշապիկներ… Կարլ Լագերֆելդի կարծիքով` այս տարվա աշնանն ու ձմռանը կանայք հենց այսպես պետք է հագնվեն։

Ready-to-wear հավաքածուի գերիշխող գույներն են սպիտակը, սևը, խիտ կարմիրն ու շիկակարմիր–շագանակագույնը։ -0-