Միտումներ

Սուրբ ծննդյան տոների նախաշեմին Valentino նորաձևության տունն իր երկրպագուներին և հաճախորդներին միայն մեկ մաղթանք հղեց` խաղաղություն։ Ապրանքանիշի կրեատիվ տնօրեններ Մարիա Գրացիա Կյուրին և Պիեր Պաոլո Պիչոլին այս գաղափարը շարունակեցին նոր, միջսեզոնային հավաքածուում` 97 կերպարներից բաղկացած հավաքածուն մեկնաբանելով միայն երեք բառով` «Խաղաղություն, սեր և ներդաշնակություն», հաղորդում է Vogue–ը։

Այս վերացական, սակայն ողջ աշխարհին հասկանալի հասկացությունները դիզայներներն արտահայտել են շատ նուրբ ծաղկանախշերի միջոցով, որոնց ստեղծման վրա աշխատել է բրիտանացի Սելիա Բերթուելը` Օզի Քլարկի նախկին կինը, ով հայտնի տեքստիլային դիզայներ է։ Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Սանդրո Բոտիչելլիի «Գարուն» նկարը, որտեղ փորձագետ–բուսաբանները ծաղկի մոտ 500 տեսակ են հայտնաբերել։ Բերթուելն այդ ծաղկատեսակները վերածել է նուրբ զարդանախշերի, որոնք զարդարել են ինչպես մետաքս–ժորժետից կարված երկար զգեստները, այնպես էլ կարճ զգեստները` ցայտերանգ կրծկալով և կոշիկներով։

Կյուրին և Պիչոլին հավաքածուում ներառել են նաև Valentino–ի երկրպագուների սիրված տարրերը` կամուֆլյաժ, թիթեռներ և գիշերային աստղազարդ երկնքի բնապատկերներ, որոնք պատկերվել են տարատեսակ թիկնոցների, ծալովի օձիքով А–ձև զգեստների վրա, գործած սվիտերների, տաբատների վրա։

Այս հավաքածուում 1970–ականների նորաձևության մասին հիշեցրել է դենիմը, որը դիզայներների համար դարձել է իսկական ունիվերսալ կտոր, որի վրա կարելի է պատկերել ցանկացած ծաղկանախշ, զարդանախշ և պատկեր։ Այսպես` լայն և կարճացված ջինսե տաբատները Valentino–ում խորհուրդ են տալիս համադրել փափուկ սվիտերների հետ, որոնք զարդարված են ասեղնագործ ծավալուն պատկերներով, այծի մորթուց կարված թիկնոցների, ֆոլկլորային ոճի պիջակների, ռոմանտիկ բլուզների և patchwork ոճի մուշտակների հետ, որոնք կարված են գրեթե ոսկերչական ճշգրտությամբ։

Այս ամենի արդյունքում 70–ականներից ոգեշնչված Մարիա Գրացիա Կյուրիին և Պիեր Պաոլո Պիչոլին կարողացել են հավասարակշռություն գտնել Valentino–ին բնորոշ նրբագեղության և 70–ականներին բնորոշ մուլտիմշակութային ոճի միջև։ -0-