Միտումներ

Փարիզի նորաձևության շաբաթի եռուն շրջանն է, իր հերթին է սպասում Elie Saab–ի ցուցադրությունը։ Լիբանանցի դիզայները զարմանահրաշ հատկություն ունի` տարեցտարի նույն ոճի մեջ կերտել իր հավաքածուները, սակայն մշտապես այն երկրպագուների հիացմունքին է արժանանում։ Իսկ երկրպագուների շարքերում են ոչ միայն նորաձությանը հետևող հայտնի հոլիվուդյան դերասանուհիները, այլև թագավորական ընտանիքների ներկայացուցիչները։ 

Որպես կարմիր գորգերի համար շքեղ երեկոյան զգեստների հիմնական մատակարարի համբավ ունեցող մոդելավորողն այս անգամ ևս չհիասթափեցրեց բոլորի սպասումները։ Պոդիումի վրա իսկական ճոխություն էր` մի քանի հարյուր մետր ժանյակ, բազմաշերտ մետաքսե շիֆոն, կիլոգրամներով բյուրեղ և կիսաթանկարժեք քարեր, հաղորդում է Woman.ru–ն։

Նոր հավաքածուն, հիրավի, թագավորական էր։ Այդ մասին, առաջին հերթին, հուշում է գունային գամման։ Երեկոյան զգեստները ոսկեգույն, պղնձագույն և արծաթափայլ երանգների մեջ էին։

Ավանդաբար ամենաբուռն ծափահարություններով հանդիսատեսը պարգևատրեց վերջին մոդելին։ Այս անգամ Elie Saab–ի հարսնացուն հագել էր աներևակայելիորեն շքեղ շրջազգեստ` ասեղնագործ ոսկեգույն թելերով։ Առավել տպավորիչ կերպով  դրանք փայլում էին լուսանկարչական ապարատների լուսարձակներից, իսկ առաջին շարքում նստածները ժամանակ չէին կորցնում` իրենց հեռախոսներով լուսանկարելով այդ գեղեցկությունը։ -0-