Միտումներ

Ճապոնիայում տղամարդկանց համար նախատեսված կրծկալներ են վաճառքի հանվել: Զգեստապահարանի այս տարօրինակ պարագայի արտադրողը խոստանում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին «շուրջօրյա պաշտպանություն ձգողականության ազդեցությունից»: Տղամարդկանց համար նման պաշտպանություն է հարկավոր հատկապես քնած ժամանակ, կարծում են դիզայներները, գրում է vesti.ru.-ն:

Տղամարդու կրծկալը կոչվում է Floral Goodnight Bra կամ Kahei Oyasumi Bra: Կակու Նիշիոկան, ով վաճառում է այդ պարագաները Տոկիոյում, պատմել է, որ բոլոր տղամարդիկ չէ, որ գիտեն այն վտանգների մասին, որոնք սպառնում են իրենց կրծքերին: «Նույնիսկ եթե տղամարդը զարգացած կրծքամկաններ ունի, նա, միևնույն է, բախվում է նույն խնդրի հետ, ինչ կանայք: Ժամանակի ընթացքում մկանները ձգվում են և կորցնում ձևը»,- նրա խոսքն է մեջբերում The Mirror-ը:

Ըստ Նիշիկոյի՝ գիշերն այսպիսի պաշտպանող ներքնազգեստ հագնելու դեպքում այս խնդիրը կարելի է արդյունավետորեն լուծել: Սակայն չի նշվում, թե կօգնի՞, արդյոք, այս կրծկալը նրանց, ում կրծքամկաններն արդեն տուժել են ձգողականությունից, թե՞ այն արդյունավետ է միայն որպես կանխարգելիչ միջոց:

Չեն ներկայացվում տվյալներ նաև վաճառքի հաջողության մասին: Սակայն դժվար է պատկերացնել, թե որքան տարածված կլինի տղամարդկանց շրջանում դեղնավարդագույն երանգի ծաղկավոր ներքնազգեստը: Ի դեպ, կոմպլեկտը ներառում է նաև պաշտպանիչ վարտիք: Սակայն հասկանալի չէ, թե ինչու է լուսանկարում կոմպլեկտը ցուցադրված կանացի մանեկենի վրա:

30 դոլար արժողությամբ կոմպլեկտն արդեն արժանացել է առողջ կենսակերպին հետևողների և ֆիթնես-մարզիչների քննադատությանը, ովքեր վստահ են, որ կրծքամկանները կարելի է նորմալ վիճակում պահել միայն կանոնավոր ֆիզիկական պարապմունքների օգնությամբ: -0-