Միտումներ

Պիերպաոլո Պիչոլին և Մարիա Գրացիա Կյուրին շարունակում են աշխատել նկարիչների հետ` սա երկու հեղինակների համատեղ թողարկած թվով արդեն երրորդ հավաքածուն է։ Այս անգամ իտալական դուետի «երրորդ դեմքը» Մարկ Շագալն է` բազմաթիվ նուրբ, երազկոտ և չափազանց զարմանալի կտավների հեղինակը, ով մահացել է ավելի քան 30 տարի առաջ։ Այդ մասին գրում է Buro247.ru–ն։

Պիերպաոլո Պիչոլիին և Մարիա Գրացիա Կյուրիին հաջողվել է զարմանալի ճշգրիտ կերպով փոխանցել նկարչի կտավների հրաշալի մթնոլորտը։ Շագալի թեթև ռոմանտիկան փոխանցում են նուրբ եթերային զգեստները, որոնք հայտնվում են պոդիումի վրա ցուցադրության ավարտին։ Փարթամ կիսաշրջազգեստների վրա դիզայներները վրձնի նուրբ, հազիվ նշմարելի հարվածով փափուկ ամպեր ու ծիածանի կորեր են պատկերում, իսկ սև գանգուր տառերից սրտեր են հյուսում։ Ի՞նչ է գրված այդ զգեստների վրա` «Amor Vincit Omnia» — «Love Conquers Everything» — «Սերը հաղթում է ամեն ինչ, նույնիսկ` մահը»։ Եվ ինքը` Շագալը, ով մի քանի տարի ավելի ապրեց, քան իր կյանքի սերը` Բելլան, ու շարունակում էր նկարել նրա սև մեծ աչքերը բոլոր կտավների վրա, դա շատ լավ գիտեր։

Այս տարի իտալական նորաձևության վարպետ Ջորջիո Արմանիի հավաքածուն նշում է իր առաջն մեծ հոբելյանը` տասը տարի haute couture–ի աշխարհում։ Հատուկ հանդիսավոր իրադարձության առիթով պոդիումի վրա բամբուկի ֆուտուրիստական անտառ է ստեղծվել` փխրուն մոդելները ճեմում էին երեկոյան զգեստներով` «լողալով» հսկայական մետաղյա բների միջով։ Դրանով բուսական մոտիվները չավարտվեցին`  բամբուկի ցողունները վերածվեցին ապլիկացիաների և ձեռագործ պատկերների, որոնք առատորեն ծածկում էին քայլելիս փողփողացող եթերային շիֆոնե կիսաշրջազգեստները և ճապոնական կիմոնոյից ոգեշնչված մետաքսե կիսաշրջազգեստները։ Ասիական մշակույթի ազդեցությունը հստակ զգացվում է այս հոբելյանական հավաքածուում։ -0-