Միտումներ

Տեղափոխվում ենք Փարիզ, որտեղ մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը, և հայտնվում ենք Ռոդենի թանգարանում. Հենց այստեղ է ցուցադրվում Dior–ի` 2015 թվականի գարուն–ամառ  հավաքածուն։ Ֆրանսիական հանրահայտ ապրանքանիշի ցուցադրության հյուրերի շարքում են Նատալի Փորթմանը` ամուսնու` Բենջամին Միլպիեի հետ, Նատալյա Վոդյանովան, Ելենա Պերմինովան, Աննա Դելո Ռուսոն և ուրիշներ։ Այս մասին գրում է Spletnik.ru–ն։

Dior–ի կրեատիվ տնօրեն Ռաֆա Սիմոնսը ներկայացնում է, թե ինչ է պետք հագնել գարնանն ու ամռանը։ Առաջին հերթին` Հագուստի տան համար հատկանշական համարվող new look–ն է, այս անգամ Սիմոնսը հեռացել է դասական ոճից և դրանք խիզախորեն բաժանել երկու մասի` կիսաշրջազգեստ և crop top։ Ծաղկավոր հագուստը զուգակցվել է ոչ այնքան ռոմանտիկ բոտֆորդների հետ։

Երկրորդ կարևոր հանգամանքը ֆուտուրիզմի պարտադիր նոտան է։ Անգամ ծաղկավոր և գծավոր հասարակ զգեստները «տիեզերական» հնչեղություն են ստանում, երբ դրանց են գումարում պլաստիկի առկայծումն ու թափանցիկ անձրևանոցները։

Իմիջիայլոց, զոլերն այս հավաքածուի առանցքային բաղադրիչներն են, ընդ որում` օգտագործվել են և՛ սովորական, և՛ ծուռ` 70-ականների ոգով լցված հիպնոսային զոլերը։ Դիզայներների համար բավականաչափ ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նաև ծաղկանախշերը, որոնք օգտագործվել են տարբեր ձևերով։

Ինչ վերաբերում է տարվա նորաձև գույներին, ապա ներկապնակը բավականին հարուստ է` կանաչ, կապույտ, նարնջագույն, կարմիր, սպիտակ. սրանք ցուցադրված գույներից մի քանիսն են, ընդ որում` որոշ դեպքերում դրանք բոլորը ներկայացվում են միասին։ -0-