Նորաձևություն

Հայ դիզայներ Վահան Խաչատրյանի գարուն–ամառ 2016 հավաքածուն մեզ տեղափոխում է 200 տարի առաջվա Իսպանիա։ Մոդելներն անշտապ անցնում են բեմով, նրանց հագին մետաքսե զգեստներ են` փարթամ կիսաշրջազգեստներից մինչև նեղ զգեստներ, հայտնում է fw-daily.com–ը։

Իսպանական մոտիվներ, հովհարների և կտորների տեսքով հրավիրատոմսեր, որոնց վրա կաթոլիկ նկարներ, ծաղիկներ և սևիլյան գովազդային նյութեր են նկարված… ամեն ինչ մտածված էր հանգամանորեն։ Հավաքածուի եզրափակիչ կերպարը ոսկեգույն կտորից երկար զգեստն էր, իսկ աղջիկների գլուխները զարդարում էին յուրօրինակ թագերը` դափնեպսակի տեսքով։

Դիզայների խոսքով` նրա ճանապարհորդությունն Իսպանիա այս տարվա սկզբին նրան այնքան էր ոգևորել, որ նա հստակ գիտեր նոր հավաքածուի թեման։

«Իմ նոր հավաքածուն իսպանական ոճով է։ Այն ստեղծելու համար ինձ ոգեշնչել է հենց Իսպանիան` իր կոլորիտային բնանկարներով, յուրօրինակ արվեստով և բազմաթիվ զարմանահրաշ վայրերով, որոնք ես այցելեցի այս տարվա սկզբին` մեկնելով Անդալուսիա։ Այն, ինչ տեսա, գլխիցս դուրս չէր գալիս, և ես որոշեցի այդ ոգեշնչումը մարմնավորել նոր հավաքածուում»,– ասել է դիզայները։