Նորաձևություն

Երկրորդ տարին անընդմեջ «Oriflame Fashion Night»–ը իսկական տոն է դառնում բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայկական ժամանակակից նորաձևության միտումներով։ 

Առաջատար վեց հայ դիզայներները` Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը, Արևիկ Սիմոնյանը, Միկա Դանիելյանն ու Վահան Խաչատրյանը, միջոցառման ընթացքում ներկայացրին իրենց հավաքածուները։ Ընդ որում` կազմակերպիչներն արել էին հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ հանդիսատեսը երկար հիշեր նորաձևության տոնը։ Ցուցադրության ընթացքում ելույթ ունեցան շվեդ երգչուհի Աննա Կրիստոֆերսոնը և ջութակահարների տրիոն։ Պետք է նշել, որ այս ամենից բացի, հանդիսատեսն իսկական հրե շոու դիտելու հնարավորություն ունեցավ։ Սակայն եկեք ամեն ինչ ներկայացնենք հերթականությամբ։ 

Գևորգ Շադոյան

Աշխարհահռչակ սիրիահայ մոդելավորող Գևորգ Շադոյանի հավաքածուն նվիրված էր հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջին` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ «Ես ներկայացրի 20–րդ դարասկզբի տարազներ, որոնք Ցեղասպանություն են «վերապրել»», – այսպես բնութագրեց իր հավաքածուն Շադոյանը։ 

Նա բարձր գնահատեց ցուցադրությանը մասնակցող մյուս դիզայներների աշխատանքները և գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում նորաձևության ոլորտը ծաղկման շրջանում է, իսկ հայ դիզայներներն էլ իրենց ջանքերը միևնույն հարթակում համախմբելու հնարավորություն ունեն։ 

Ֆաինա Հարությունյան

Ֆաինան կարծում է, որ սեփական աշխատանքները Երևանի սրտում ներկայացնելը հիանալի հնարավորություն է հայ դիզայներների համար։ «Իմ հավաքածուն շատ գունեղ է, քանի որ ես ցանկանում էի տոն ստեղծել։ Իսկ ոգեշնչման աղբյուր է դարձել 50–ականների ոճը», – նշեց դիզայները։ 

Եվ իսկապես, նրա մոդելները, ովքեր զվարճալի գլխարկներ էին կրում, ակամայից ժպիտ էին հարուցում հանդիսատեսի դեմքին։ Իսկ հանդիսատեսի պակաս իսկապես չկար Կարապի լճում կազմակերպված այդ ամառային երեկոյի ժամանակ։ Անգամ խոսակցություններ էին շրջանառվում, որ մոդելները պատրաստվում են կրկնել ռեփեր Քանյե Ուեսթի «հերոսությունը» և բեմից ջրի մեջ ցատկել, սակայն այդ գաղափարն այդպես էլ չիրագործվեց։ 

Արամ Նիկոլյան

Նիկոլյանի կարծիքով` հենց համախմբվածությունն է թույլ տալիս հասնել նման հիանալի արդյունքների։ Դիզայները ներկայացրեց «Ուրֆա. Վերածնված արժեքներ» վերջին հավաքածուի զգեստները։ «Հավաքածուն ստեղծելիս ինձ ոգեշնչել է 20-րդ դարի ուժեղ հայ կինը, ինչպես նաև` հայկական ազգային տարրերն օգտագործելու գաղափարը», – ասաց Նիկոլյանը։ 

Ըստ էության, նա ներկայացրել էր ոճափոխված հայկական տարազը` զարդարված ինքնատիպ ասեղնագործությամբ։ Այն ստեղծվել էր արծաթե և ոսկե թելերի օգնությամբ։ Նիկոլյանի զգեստները համալրված էին Սիրուշոյի Pregomesh հավաքածուի զարդերով։ 

Միկա Դանիելյան (Harmony Yerevan)

«Մեր հավաքածուն կարելի է հակիրճ բնութագրել «բալետ+ծաղիկներ», իսկ «Oriflame Fashion Night»–ը` «գեղեցկություն+նորաձևություն+միտումներ»», – ասաց Դանիելյանը։ Նա կարծում է, որ նման տոներ կազմակերպելու շնորհիվ Հայաստանում զարգանում է նորաձևության ոլորտը։ 

Եվ իսկապես հայ դիզայների հավաքածուն գույների ու գեղեցկության պակաս չուներ։

Արևիկ Սիմոնյան

Հայ դիզայներներից «ամենաարևոտը» հանդիսատեսի դատին հանձնեց ամենականացի և ռոմանտիկ հավաքածուն։

Սպիտակ մշուշով պարուրված, հիմնականում երկնագույն երանգներ ունեցող երկնային զգեստները կարծես սավառնում էին Կարապի լճի վրայով։ Արևիկը կարծում է, որ «Oriflame Fashion Night»–ը պետք Նորաձևության շաբաթ դառնա, ինչը նոր ազդակ կհաղորդի հագուստի դիզայնի զարգացմանը։ 

Վահան Խաչատրյան

Հայաստանում և Եվրոպայում հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանը իրեն բնորոշ գույների վառ ներկապնակ էր պատրաստել։ Կոմբինեզոնների և երեկոյան զգեստների առանձնահատկությունը յուրահատուկ զարդանախշերն էին, որոնք մշակվել էին հատուկ պատվերով։ 

Երեկոյի վերջում, երբ բեմում հայտնվեցին ցուցադրությանը մասնակցած բոլոր դիզայներներն ու մոդելները, գիշերը զարդարեց գունեղ հրավառությունը։ Դե ինչ, կարելի է աներկբայորեն ասել, որ նորաձևության տոնը կայացավ, իսկ շարունակությունը դեռ առջևում է….

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-