Նորաձևություն

Zac Posen

Նորաձևության շաբաթվա շրջանակում Նյու Յորքում կայացել են Carolina Herrera–ի, Reem Acra–ի, Zac Posen–ի և Oscar de la Renta–ի ցուցադրությունները։ 

Oscar de la Renta–ի նոր հավաքածուի ցուցադրությունն անցկացվում էր 42–րդ փողոցի այն նույն դահլիճում, որտեղ կյանքի վերջին տարիներին իր ստեղծագործություններն էր ցուցադրում հենց ինքը` Օսկար դե լա Ռենտան։ Սակայն այս անգամ շոուի վերջում «խոնարհվելու» դուրս եկավ մեկ ուրիշը` դե լա Ռենտայի մահից ոչ շատ առաջ ապրանքանիշի ստեղծագործական հարցերի տնօրեն նշանակված բրիտանացի Փիթեր Քոփինգը։ Օսկարի հովանու ներքո Փիթերը չի հասցրել աշխատել, սակայն միևնույն է` վատ չի ուսումնասիրել իրեն վստահված ապրանքանիշի ԴՆԹ–ն։ Ցուցադրության գլխավոր գործող անձանց հագին պերճաշուք պարահանդեսային զգեստներ էին, փրփրանման կոկտեյլային զգեստներ ու շատ կանացի նրբագեղ վերարկուներ։ 

Oscar de la Renta

Զակ Պոզենը մեկ տարի առաջ էր սկսել նախապատրաստվել «օսկարյան գիշերին» (ասեք, խնդրեմ, այլապես ինչի՞ համար էին այդ հրաշալի երկարափեշ զգեստները), և միևնույն է, չէր հասցրել տեղավորվել ժամանակի մեջ։ Դիզայների ամենամեծ մտահղացումները կյանքի էին կոչում հենց կուլիսներում, մոդելների` բեմ դուրս գալուց հաշված րոպեներ առաջ։ Այնուամենայնիվ, այն, ինչ կատարվում է կադրի հետևում, մնում է կադրի հետևում։ Իսկ երբ վերջում ողջ փայլով հայտնվեց Նաոմի Քեմփբելը, անգամ հոռետեսները սկսեցին ծափահարել։ Այդ մասին գրում է Tatler.ru–ն։ 

Zac Posen

Carolina Herrera–ի նոր հավաքածուի հիմքում, ինչպես միշտ, կանացիությունն է։ Կանացի կերպարներ նախընտրող յուրաքանչյուր ոճային աղջկա դուր կգա այս հավաքածուն։ Եվ իսկապես ընտրության հնարավորությունը մեծ է` նուրբ երկնագույն, բաց մոխրագույն և կաթնագույն երանգներ, կազմվածքն ընդգծող գեղեցիկ զգեստներ` ինքնատիպ զարդանախշերով։ Դա ամենօրյա ոճի կատարյալ տարբերակ է, գրում է Fashiontime.ru–ն։ 

Carolina Herrera

Ռիմ Ակրան այս նոր ու շքեղ հավաքածուի զգեստներից յուրաքանչյուրը զարդարել է  ուլունքներով, արհեստական քարերով և ձեռագործ հյուսվածքով, որոնք բարդագույն զարդանախշեր են դարձել։ Զգեստները հիացնում են նաև իրենց բոլորածալերով, փարթամ թևերով և այլ դեկորատիվ դետալներով։ -0-

Reem Acra