Նորաձևություն

Սիրիահայ հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանը Երևանում ներկայացրել է «Վերածնունդ» խորագրով հայկական տարազի հավաքածուն։ 

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հավաքածուում ներկայացված էին կանանց, տղամարդկանց և մանկական հայկական ազգային կոստյումներ։ Հայկական ազգային տարազի վերածնունդը մարմնավորող մոդելները ներկայացված էին խիստ գունային գամմայում` աքսեսուարների օգտագործմամբ։ Դիզայներին հաջողվել է տարազում համադրել հնի և նորի տարրերը` ժամանակակից ոճ հաղորդելով ազգային զգեստներին։ 

«Այս հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է Արցախում, հաջորդ շաբաթ այն կներկայացնեմ Իրանում, նախատեսում եմ ցուցադրություններ կազմակերպել նաև Նյու Յորքում, Ավստրալիայում և Ֆրանսիայում։ Ցուցադրություն եմ ունեցել նաև Մոսկվայում, որտեղ այս հավաքածուն արժանացել է «Լավագույն օտարերկրյա հավաքածու» մրցանակին», – ասաց Շադոյանը։

Նա նշեց, որ «Մերիդիան» էքսպո–կենտրոնում կազմակերպված ցուցադրությունից հետո մեծ թվով մարդիկ հայտնվեցին, ովքեր ցանկանում են ձեռք բերել հավաքածուի զգեստները։ 

Ցուցադրությանը ներկա գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ պատմական հայրենիք այցելած սիրիահայերին հաջողվում է իրենց տեղը գտնել կյանքում և ոտքի կանգնել, ինչպես նաև լավագույնս ինքնադրսևորվել տարբեր ոլորտներում։ 

«Այդ ոլորտներից մեկը նորաձևությունն է, և այս ոլորտում Գևորգ Շադոյանը առաջատարներից մեկն է։ Մենք պետք է փորձենք օգտակար լինել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք կարողանան արագ ինտեգրվել հայկական միջավայրում։ Շատ հաճելի է, որ Շադոյանի աշխատանքները ցուցադրվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի բազմաթիվ երկրներում», – ասաց Հակոբյանը։ 

Նա ավելացրեց, որ չնայած սիրիահայերի ծանրագույն վիճակին, Հայաստանում նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները ինքնահաստատվելու, ստեղծագործելու և սեփական ապագան կերտելու համար։ -0-