Նորաձևություն

Հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը նախօրեին ներկայացրեց իր նոր` «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուն։ Խորհրդանշական է, որ ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի պատմության թանգարանում, քանի որ վարպետը ներկայացրել էր վերածնված հայկական տարազը, այնուհետև` դրա ժամանակակից մեկնաբանությունը։ Ասել, որ դա գեղեցիկ է, նշանակում է ոչինչ չասել։ Դժվար է պատկերացնել նորաձևությանը հետևող որևէ հայ կնոջ, ով չկարողանար Նիկոլյանի ստեղծած բազմերանգ զգեստներից իր ճաշակով որևէ բան ընտրել։ Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ զգեստները համադրված էին Սիրուշոյի Pregomesh հավաքածուի զարդերի հետ, դրանք իսկապես առանձնահատուկ էին` որպես   կոկտեյլների և երեկույթների զգեստներ։

Ցուցադրությունից առաջ դիզայները համաձայնեց պատասխանել «ԱՌԿԱ Style»–ի մի քանի հարցերին։
 
– Ո՞րն է Ձեր վերջին հավաքածուի առանձնահատկությունը, ո՞րն է դրա հիմնական ուղերձը։

Նիկոլյան – Այս հավաքածուի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ինձ ոգեշնչել է հայկական տարազը։ Գաղափարը, որը ցանկանում էի փոխանցել, այն է, որ հայկական տարազը կարելի է կրել նաև XXI դարում։ Այն ժամանակակից է և՛  ձևվածքով, և՛ գույներով, և՛ ասեղնագործությամբ։

– Այնուամենայնիվ Դուք արդիականացրե՞լ եք հայկական ավանդական զգեստը։

Նիկոլյան – Այո, ես այն ոճավորել եմ։

– Քանի՞ մոդել է ներկայացված հավաքածուում։

Նիկոլյան – Երեսունվեց։

– Կարելի՞ է Ձեր առաջարկած զգեստները համարել casual ոճի հագուստ։

Նիկոլյան – Իմ հավաքածուի իրերը շատ լավ համադրվում են։ Դրանք կարելի է դասել casual և cocktail ոճերին։

– Դիզայներ Արամ Նիկոլյանն ի՞նչ կառաջարկի կանանց կրել 2015 թ.–ի ամռանը։

Նիկոլյան – Խորհուրդ եմ տալիս կրել հենց այս` «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի հագուստը։ Կցանկանայի այն մասսայական դարձնել, որպեսզի մեր  հարուստ մշակութային ժառանգությունը ներկայանա նաև նորաձևության ոլորտում։

– Ի՞նչ ի նկատ ունեք` մասսայական ասելով։

Նիկոլյան – Որպեսզի տեսնեմ իմ հավաքածուի հագուստն անցորդների վրա։

– Մատչելի կլինի՞ այդ հագուստը գնի առումով։

Նիկոլյան – Փորձում ենք անել հնարավորինը, որպեսզի այն մատչելի լինի։ Տասը օրվա ընթացքում «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի հագուստը կհայտնվի խանութներում։ 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ։ –0–

 https://www.youtube.com/watch?v=j3wkK6uWFlw&nbsp