Հայաստանցի դիզայներ Վահան Խաչատրյանը Կիևում ներկայացրել է «Հայաստանի գանձերը» հավաքածուն, որը նվիրված է Հայաստանին։ Հավաքածուի անվանումը յուրօրինակ խորհուրդ ունի` այն, որ 2015 թ.–ին աշխարհասփյուռ հայությունը հիշում է իր ազգի պատմության ամենաողբերգական էջը` 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, գրում է Vogue.ua–ն։

Խաչատրյանը նշել է, որ հավաքածուն նվիրվում է անմեղ զոհերի հիշատակին և միաժամանակ ցուցադրում է Հայաստանի մշակութային մեծ ժառանգությունը։ Դիզայներն առաջին հերթին հիշել է հայկական հնագույն եկեղեցիների, սրբավայրերի, գրքերի և երկրում պահպանվող այլ գանձերի մասին։ Հավաքածուն երիտասարդ սերնդին ավելի «մոտեցնելու» և հայրենիքի անցյալն ավելի խոսուն դարձնելու համար Վահան Խաչատրյանը, կանանց երկար զգեստներից, կիսաշրջազգեստներից և նրբագեղ վերարկուներից բացի, հավաքածուում ներառել է նաև բազմաթիվ սպորտային տարրեր` մարզակոշիկներից մինչև նեոպրենից կարված ամենօրյա բաճկոններ։ -0-