Նորաձևություն

Հայ և իտալացի դիզայներները Երևանում ներկայացրել են հագուստի «5900 BC» 2015/2016 աշուն–ձմեռ հավաքածուն, և այդ ցուցադրությամբ նշանավորվել է նոր համանուն հայկական ապրանքանիշի ստեղծումը։ 

«Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, թե ինչով է հատկանշական «5900 BC» հավաքածուն։ 

««5900 BC» հավաքածուն casual կամ ready to wear ոճի հագուստ է ներկայացնում։ Հուսով եմ, որ իրերը որակյալ են։ Քանի որ հավաքածուն ստեղծվել է շատ սեղմ ժամկետում, այդ պատճառով կտորները նախօրոք պատվիրելու հնարավորություն չի եղել», – ասաց Դնոյանը։ 

Նրա խոսքով` իտալացի փորձագետները կտորներն ընտրել են ձեռնարկություններում եղած կտորներից, սակայն խորհուրդ են տվել, թե հետագայում ինչ կտորներից կարելի է կարել։ 

«Հույս ունենք, որ այն գնորդները, որոնք Հայաստան են եկել այլ երկրներից, կխթանեն գործընթացը։ Եթե մենք հաջորդ տարվա պատվերներ ստանանք, ապա շատ ավելի լավ որակի հումք կպատվիրենք։ Օտարերկրացի փորձագետները գոհ էին հայկական ընկերությունների կարի որակից», – ասաց Դնոյանը։ 

«5900 BC» հավաքածուում ներառվել են տղամարդու պիջակներ և կոստյումներ, բաճկոններ, արտահագուստ, բլուզներ և տրիկոտաժից կարված զգեստներ։

Հավաքածուն ստեղծվել է ՄԱԱԶԿ–ի՝ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացում և դեպի շուկա մուտք ապահովելով» նախագծի շրջանակում, որը մեկնարկել է 2014թ.–ի սեպտեմբերին։ Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի հագուստի արտադրության ոլորտը, ինչպես նաև` խթանել այս ոլորտի արտադրանքի արտահանումը ռուսական շուկա, իսկ հետագայում նաև` ԱՊՀ երկրներ։ -0-