Նորաձևություն

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտները նախօրեին ներկայացրեցին իրենց դիպլոմային աշխատանքները։ 28 շրջանավարտներ հանդիսատեսի դատին հանձնեցին տարբեր թեմատիկ բաժիններում ամենատարբեր ռոմանտիկ անվանումներով 100 զգեստներ։ Չնայած հիմնական շեշտը դրված էր հայկական ազգային ելևէջներով տարրերի օգտագործման վրա։ 

Սիրիահայ հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանը ցուցադրությունից հետո կարծիք հայտնեց, որ Երևանում ավելանում է դիզայներների թիվը։ 

«Հայկական նորաձևությունը մեծ ապագա ունի։ Ներկայացվեցին բավականին նուրբ ձևվածքով հետաքրքիր վերարկուներ, առաջարկվեցին շիֆոնի օգտագործման բավականին հետաքրքիր լուծումներ, վարպետորեն ընտրված էին նաև կտորների վրա արված դաջվածքները», – ասաց Շադոյանը։  

Նա նաև դրական գնահատեց ազգային տարրերի օգտագործումն ու ասաց, որ տեղին էին արվել։ 

Եվ այպես կարելի է ասել, որ հայ երիտասարդ դիզայներների առաջին ցուցադրությունը հաջողված է։ Իհարկե ոչ բոլոր վերարկուները, զգեստները, կիսաշրջազգեստներն ու բլուզներն էին կարված որակով և ճաշակով, սակայն կարելի է վստահաբար նշել, որ ցուցադրության ընթացքում ներկայացվեց հագուստի այնպիսի տեսականի, որը ոչնչով չէր զիջում նորաձևության ամենահայտնի տների ներկայացրածներին։ 

Նորաձևության ցուցադրության բազմաթիվ հանդիսատեսի անկեղծ հետաքրքրության վառ վկայությունն այն փաստն էր, որ չնայած ցուցադրության անցկացման ոչ մեծ վայրին և հեղձուցիչ օդին, գրեթե բոլորը մնացին մինչև ցուցադրության ավարտը։ 

«ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է հայ երիտասարդ դիզայներներին բուհն ավարտելու կապակցությամբ և մաղթում է կյանքի ընթացքում պահպանել մտքի ու երևակայության այն թռիչքը, որը նրանք ցուցադրեցին մայիսյան այդ օրը։–0–