Նորաձևություն

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Սեքսուալ Քիթ Հարինգթոնը, ով մարմնավորել է Ջոն Սնոուի կերպարը «Գահերի խաղ» հայտնի սերիալում, առաջին անգամ նկարահանվել է գովազդային արշավում Jimmy Choo ապրանքանիշի համար, հաղորդում է Woman’s Day-ը:

Jimmy Choo-ի աշուն-ձմեռ 2014/15 սեզոնի տղամարդկանց գովազդային արշավի առաջին լուսանկարները՝ Քիթ Հարինգթոնի գլխավորությամբ, արդեն հրապարակվել են: Ի ուրախություն շատերի` դերասանը նկարահանվել է ոչ թե արդեն ձանձրացրած մազոտ թիկնոցով, որը հերոսը կրում է արդեն մի քանի եթերաշրջան, այլ էլեգանտ վերնաշապիկներով և կոստյումներով:

Գովազդային արշավի հեղինակը լեգենդար Փիթեր Լինդբերգն է: Այն նկարահանվել է Բևերլի Հիլզում: 27-ամյա Հարինգթոնը Շոտլանդիայից (հենց այնտեղ են ընթանում սերիալի նկարահանումները) ժամանակավորապես տեղափոխվել էր Բևերլի Հիլզ: 

Հարցազրույցներից մեկում դերասանը խոստովանել է, որ իրեն շատ է դուր եկել Jimmy Choo-ի արշավում աշխատելը: «Մեծ հաճույքով մասնակցեցի նկարահանումներին: Ֆոտոարշավի վայրը պարզապես ապշեցուցիչ էր՝ Լոս-Անջելեսի համայնապատկերով: Աշխատելով Փիթեր Լինդբերգի հետ՝ մեծ փորձ ձեռք բերեցի: Նա շատ տաղանդավոր լուսանկարիչ և բեմադրիչ է», — ասել է Քիթը:

Քիթ Հարինգթոնը ներկայացնում է նաև տղամարդկանց համար նախատեսված Jimmy Choo MAN դեբյուտային օծանելիքն ու Carrera by Jimmy Choo արևապաշտպան ակնոցների կապսուլային հավաքածուն:

Հիշեցնենք, որ ապրանքանիշի 2014/15 աշուն-ձմեռ սեզոնի կանանց հավաքածուն ներկայացնում է Նիքոլ Քիդմանը: