TV

Սառա Ջեսիքա Փարքերը վերադառնում է հեռուստատեսություն: «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղը հանդես կգա որպես HBO-ի «Ամուսնալուծություն» կատակերգական սերիալի պրոդյուսեր և գլխավոր հերոսի դերակատար: HBO-ն նախագծի փորձնական տարբերակում նկարահանվելու են նաև Թոմաս Հեյդեն Չերչը, Մոլլի Շեննոնը և Թալիա Բալսամը, հաղորդում է Cosmo.ru-ն:

Հեռուստանովելը պատմելու է ամուսնալուծության երկար գործընթացի մասին: Սառա Ջեսիքա Փարքերի հերոսուհին՝ Ֆրենսիսը, որոշում է վերագնահատել իր կյանքը, բայց հասկանում է, որ կյանքը նորից սկսելն ավելի բարդ է, քան հնարավոր էր պատկերացնել:

Չերչը կմարմնավորի Ֆրենսիսի ամուսնու` Ռոբերտի դերը, ում համար անակնալ է դարձել այն, որ կինը փոխել է հայացքներն իրենց ամուսնության հանդեպ:

Շեննոնը և Բալսամը մարմնավորելու են Ֆրենսիսի ընկերուհիներին: Շեննոնը խաղալու է նյարդային Դիանայի դերը, ով ունի հաջողակ ամուսին, հրաշալի տուն, բայց երեխաներ չունի, Բալսամին բաժին է ընկել Դալլասի՝ հերոսուհու մտերիմ ընկերուհու դերը, ով իր կյանքի ընթացքում հասցրել է և՛ այրիանալ, և՛ ամուսնալուծվել: 

Փորձնական սերիայի սցենարը գրել է Շարոն Հորգանը: Նա հանդես է գալու նաև որպես պրոդյուսեր Փարքերի, Փոլ Սիմսի, Էլիսոն Բենսոնի և Աարոն Կապլանի հետ: «Ամուսնալուծության» առաջին սերիան կնկարահանի ռեժիսոր Ջեսսի Պերեցը: -0-