TV

HBO հեռուստաընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 13-ին Լոնդոնում կբացի մի ռեստորան, որը սերտ առնչություն կունենա «Գահերի խաղը» ֆիլմի հետ։ BluRay–ով հեռարձակվող հեռուստանովելի նոր սեզոնի մեկնարկի կապակցությամբ բացվող այս հաստատությունը կգործի ընդամենը երեք օր, գրում է Lenta.ru–ն` հղում անելով The Independent–ին։

Ռեստորանը ձևավորված կլինի ֆիլմի այն սրահի մոտիվներով, որտեղ անցկացվում է Թագավորական նավահանգստի փոքր խորհրդի գաղտնի ժողովը։ Նորաբաց հաստատությունում կմատուցեն « ինքնատիպ ճաշկերույթի» ժամանակ առաջարկվող ուտեստները։ Առայժմ հայտնի է միայն մեկ ճաշատեսակ, որը կներառվի ճաշացանկում։  «Թիրիոն Լանիսթերի սուտն ու նրա ինքնահռչակ անմեղությունը» անունը կրող ուտեստը  հորթի եփած լեզու կլինի` ճակնդեղով, ծովաբողկով և մանանեխով։

«Հեռուստանովելի երկրպագուները կարող են մասնակցել ճաշկերույթից օգտվելու մրցույթին և համտեսել նաև մյուս խորտիկներն ու «թագավորներին վայել ուտեստները»,–նշված է  HBO–ի պաշտոնական կայքում։

Ֆիլմի հինգերորդ սեզոնը կմեկնարկի ապրիլի 12-ին։ «Գահերի խաղը» նկարահանվել է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ստեղծագործության հիման վրա և արդեն դարձել է HBO–ի պատմության մեջ ամենամեծ ճանաչում ունեցող հեռուստանովելը։ -0-