TV

Fox TV Network հեռուստաընկերությունը նախատեսում է վերագործարկել «Գաղտնի նյութեր» հանրահայտ հեռուստանովելը, որտեղ գլխավոր դերերում հանդես կգան Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հեռուստաընկերության նախագահ Գերի Նյումանը հաստատել է, որ դիտարկում է սերիալի վերագործարկման տարբերակը։ «Այո, մենք «Գաղտնի նյութերի» վերաբերյալ խոսակցություններ ունեցել ենք։ Հույս ունենք, որ կկարողանանք վերագործարկել այն», – Independent թերթը մեջբերում է Նյումանի խոսքը։

Fox TV Group ընկերության նախագահ Դանա Ուոլդենն իր հերթին հայտարարել է, որ հեռուստացանցն այժմ մշակում է նկարահանումների ժամանակացույցը, որը հարմար կլինի բոլոր առանցքային դերասանների, այդ թվում նաև Դուխովնիի և Անդերսոնի համար։ 

Հեռուստանովելի ստեղծող Քրիս Քարթերը 2014թ.–ի ամռանն արդեն ակնարկել էր սերիայի վերագործարկման մասին, սակայն ենթադրվում էր, որ լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի։

«Գաղտնի նյութեր» (The X-Files) հեռուստանովելն առաջին անգամ էկրան է բարձրացել 1993թ.–ին։ Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 9 եթերաշրջան, ինչպես նաև երկու լիամետրաժ ֆիլմ` «Գաղտնի նյութեր. Պայքար ապագայի համար» (The X Files: Fight the Future, 1998թ.) և «Գաղտնի նյութեր. Ուզում եմ հավատալ» (The X Files: I Want to Believe, 2008թ.)։ 2013 թ.–ի հոկտեմբերին Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել հեռուստանովելի երրորդ ֆիլմի նկարահանումներին։ -0-