«Գահերի խաղը» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին չորս դրվագները հայտնվել են ցանցահենային ֆայլափոխանակող կայքերում պաշտոնական ծանուցումից մեկ օր առաջ։

Դրվագների տեսագրություններ են նկատվել, մասնավորապես, Pirate Bay և KickassTorrents ռեսուրսներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Գահերի խաղի» վերջնական մոնտաժի պրոդյուսեր Գրեգ Սփենսը դեռևս մեկ շաբաթ առաջ մտավախություն էր արտահայտել նկարահանված նյութի հնարավոր արտահոսքի վերաբերյալ, որը ֆայլերի տեսքով ուղարկվել է հատուկ էֆեկտների տարբեր ստուդիաների։ Որպես պաշտպանիչ քայլեր ֆայլերը նշվել են թվային ջրանիշներով, իսկ դրանց հետ աշխատող մասնագետները պարտավորված են եղել գրավոր հաստատել դրանց ոչնչացումը։

Հայտնի շոուի հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա երկուշաբթի երեկոյան։

«Գահերի խաղը» Ջորջ Մարտինի` 1996 թվականից մինչ օրս հրատարակվող «Երգ սառցի և հրո» անավարտ ֆենտեզի–սագայի էկրանավորումն է։ «Գահերի խաղի» պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլին։ Սերիալն ունի տասն «Էմմի», «Ոսկե գլոբուս» և տասնյակ այլ պարգևներ։ -0-