Կինո

Փետրվարի 20–ին Փարիզի դասական երաժշտության ամենամեծ սրահում` Շատլե լեգենդար թատրոնում տեղի է ունեցել ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի հանձնման 40–րդ հանդիսավոր արարողությունը։ 

Ֆրանսիացի ակադեմիկոսները կրկին չկարողացան անդրդվելի մնալ «սև մայրցամաքի» սոցիալ–կրոնական մշակույթի առաջ։ Ֆրանսիացի մավր Աբդերահման Սիսակոյի «Տիմբուկտու» հակատոտալիտար և հակաշարիաթական դրաման ոչ ոքի անտարբեր չթողեց։ Բացի ֆիլմի գեղարվեստական արժեքներից, հարկ է նշել, որ Սիսակոն ճիշտ խաղադրույք էր կատարել` հաշվի առնելով Եվրոպայի ամբողջական մուսուլմանացման նկատմամբ առկա վրդովմունքի հասարակական բարձր աստիճանն ու մարդասիրական աշխարհի հավերժ բողոքը` շարիաթական կարգի ու կրոնական խավարամտության դեմ։ 

Սակայն ֆիլմը դժվար թե բարձր մրցանակների արժանանար, եթե իսլամիստների դաժանությունը քարոզող անկեղծ հրապարակախոսություն լիներ։ Այս ֆիլմում, հակառակը, ռեժիսորն ընտրել է բանաստեղծական պատմվածքի միջոցը` «Տիմբուկտուն» դարձնելով ոչ միայն գաղափարախոսական, այլ նաև գեղարվեստական արժեք։ 

Մավրիտանացի ռեժիսոր Սիսակոյի ֆիլմն ինքնատիպ ռեկորդ սահմանեց։ «Տիմբուկտու» աֆրիկյան քաղաքի անունը բեմից հնչեց 7 անգամ, երբ հաղորդավարները հրապարակում էին հաղթողների անունները «լավագույն ձայն», «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն մոնտաժ», «լավագույն երաժշտություն», «լավագույն սցենար», «լավագույն ռեժիսուրա», «լավագույն ֆիլմ» անվանակարգերում։ 

Եվրոպային հերթական անգամ գերեց օտար մշակույթի թեման։ Այս անգամ այդ «զուգահեռ» աշխարհն Աֆրիկան էր` Մալիի ջիհադներով և իսլամիստ ծայրահեղականներով։ Սոցիալական, կրոնական և պարզապես մարդկային «Տիմբուկտու» դրաման նորագույն կինոյի գլխավոր հաղթարշավը սահմանեց` երրորդ աշխարհի երկրների թեման դարձնելով առաջնակարգ կինո։

Իվ Սեն–Լորանի կախարդական աշխարհը

Ֆրանսիացի քանդակագործ Սեզար Բալդաչինիի պատվին կոչվող մրցանակաբաշխությունը հոբելյանական էր։ Բացի այդ, այն տարբերվում էր նրանով, որ հիմնական մրցանակային անվանակարգում ներկայացված էր հանրահայտ Իվ Սեն–Լորանի մասին պատմող միանգամից երկու կենսագրական ֆիլմ։ 

Դեռ նախորդ Ջալիլ Լեսպերի «Իվ Սեն–Լորան» ֆիլմով սկսվեց Բեռլինի 64–րդ կինոփառատոնի «Հատուկ համայնապատկեր» բաժինը։ Կինոնկարը զարմացրեց հանդիսատեսին «բարձր նորաձևության» վարպետի և նրա կյանքի ու բիզնեսի գործընկեր Պիեր Բերժեի համատեղ կյանքի անկեղծ համասեռական տեսարաններով։ 

Մեծանուն մոդելավորողի կերպարը մարմնավորել է «Կոմեդի Ֆրանսեզ» թատերախմբի ամենաերիտասարդ դերասանը` 25–ամյա Պիեր Նինեն, որին լեգենդար Շալեում հանձնեցին «Սեզար» կինոմրցանակը լավագույն տղամարդու դերի համար։ 

Վարպետի մասին պատմող «Սեն–Լորան։ Ոճը ես եմ» երկրորդ ֆիլմը մասնակցել է Կաննի նախորդ տարվա կինոփառատոնի հիմնական ծրագրում, սակայն ինչպես Փարիզում, այնպես էլ Կաննում մնացել է առանց մրցանակի։ 

Երկու Սեն–Լորանների դիմակայությունը բավականին զվարճալի էր։ Չէ՞ որ ոչ միայն ֆիլմերն էին պայքարում լավագույնի կոչումը ստանալու համար, այլ նաև` Սեն–Լորանի դերակատարները, Բերժեի կերպարը մարմնավորող դերասանները, ովքեր պայքարում էին երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար, իրենց անվանակարգերում մրցող օպերատորները, բեմադրիչները և հնչյունային ռեժիսորները, կոմպոզիտորները։  

Ֆիլմերն առանձնահատուկ պատճառեց ֆրանսիացի հանդիսատեսը, որն ուրախությամբ հերթական անգամ ընկղմվել էր բոհեմի ֆանտաստիկ աշխարհի, մարակեշյան երեկույթների, Էնդի Ուորհոլի կտավների, Մարսել Պրուստի ինտելեկտուալ բովանդակության մեջ, որտեղ պարբերաբար հայտնվում էին Կարլ Լագերֆելդը, Քրիստիան Դիորն ու նորաձևության սկանդալային և տարօրինակ աշխարհի մյուս ներկայացուցիչները։ 

Մի խոսքով, ֆրանսիացիներն ամբողջությամբ հարգանքի տուրք մատուցեցին իրենց հռչակավոր հայրենակցին, ով համարվում է սմոկինգի, unisex ոճի, բարձր ճտքավոր կոշիկների և բարձր նորաձևության հիմնադիրը։ 

Cherchez la femme (Շեղշե լա ֆամ)

Սակայն ի՞նչ մրցանակաբաշխություն` առանց նրբագեղ ֆրանսուհիների։ Այս հարցում ամեն ինչ կարգին էր։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված էին «գեղեցկություն ֆրանսիական ձևով» հասկացությունը մարմնավորած կանանց բոլոր սերունդները` 26–ամյա Ադել Անելը, 39–ամյա Մարիոն Կոտիյարը, 50–ամյա Ժյուլիետ Բինոշը և, իհարկե, 71–ամյա, սակայն հավերժ գեղեցիկ Կատրին Դենյովը։ 

«Լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացավ Ադել Անելը, ով երկու տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է «Սեզար» ստանում։ 

Օտարալեզու կինո

Լուրջ մրցակցություն էր ընթանում նաև լավագույն օտարալեզու ֆիլմերի միջև, որոնց թվում էին նախորդ տարվա «Օսկարի» հավակնորդ Սթիվ ՄակՔուինի «Ստրկության 12 տարի» էպիկական դրաման, Ռիչարդ Լինկլեյթերի 11 տարի նկարահանված «Պատանեկություն» ֆիլմը, Պավել Պավլիկովսկու «Իդա» լեհական դրաման, Ուես Անդերսոնի  ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմը, որը հաղթել է Բեռլինալեում, Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր» ֆիլմն ու համաշխարհային կինոփառատոների հաղթող, թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմը։  

Սակայն այստեղ ևս ճանապարհ տվեցին երիտասարդներին։ 25–ամյա կանադացի հրաշամանուկ Կսավիե Դոլանն արժանացավ հերթական գլխավոր մրցանակին «Մայրիկ» ընտանեկան դրամայի համար։

Հարկ է նշել նաև Վիմ Վենդերսի «Հողի աղը» ֆիլմը, որը հաղթեց վավերագրական ֆիլմերի անվանակարգում և, իհարկե, ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Պենի խաղը, որի համար դերասանն արժանացավ «Սեզարի» համաշխարհային կինեմատոգրաֆում կատարած ներդրման համար։ -0-

Կարեն Ավետիսյան, հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար