Կինո

Մի քանի ժամ առաջ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում հաջողությամբ տեղի է ունեցել հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմի պրեմիերան: Այս մասին ռեժիսորը գրել է Facebook-ի իր էջում: 

«Ես երջանիկ եմ այն բանի համար, որ այն ամենն, ինչ ներդրել էի այս ֆիլմում՝ սկսած դրամայից մինչև հումորն ու էքշնը, աշխատում է, և այսօրվա արձագանքը դա հաստատեց: Ես զգում էի, թե ինչպես են մարդիկ վերապրում հերոսների հուզերը, ինչպես են ցնցվում, ինչպես են ծիծաղում», — գրում է Անդրեասյանը: 

Նրա խոսքերով՝ առաջինը, ինչ նրան զարմացրեց և ուրախացրեց, դահլիճի մուտքի մոտ առաջացած հերթն էր, որտեղ պետք է տեղի ունենար ցուցադրությունը: Ռեժիսորը նաև խոստովանեց, որ իրեն է մոտեցել «Փոթորիկի տիրակալը» և «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմերի պրոդյուսերը՝ շնորհավորելով հաջողության կապակցությամբ: 

«Սա քո առաջին իսկական ֆիլմն է, և այն միանգամից մասնակցում է աշխարհի լավագույն փառատոններից մեկին: Բացի այդ, այն արդեն գնել են, իսկ դա շատ բան է նշանակում: Եվ այս բոլոր մարդիկ քեզ մոտ են եկել, այնպես որ ժպտա», — ասել է պրոդյուսերը: 

ԱՄՆ-ում Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Կողոպուտ ամերիկյան ձևով» քրեական դրամայում խաղացել են Հայդեն Քրիսթենսենը, Էդրիեն Բրոուդին, Ջորդանա Բրյուստերը և Akon-ը: Ֆիլմը նաև ներկայացված է այս տարվա փառատոնի «Հատուկ ցուցադրություններ» ծրագրում: -0-